Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է 100-ի սահմանը: Երկրի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի խոսքով` վերջին 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացել է 107 մարդ` ընդհանուր թիվը հասցնելով 8 հազար 837-ի:
Վարակակիրների թիվը ավելացել է 2 հազար 472-ով՝ հասնելով 187 հազար 427-ի: Ապրիլի կեսերից աստիճանաբար թուլացնելով հակահամաճարակային սահմանափակումները` վերջին շաբաթներին Իրանում կտրուկ աճում են նոր վարակակիրների և զոհերի թիվը:
Նախօրեին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե քաղաքացիները շարունակեն խախտել հանրային առողջապահության կանոնները, ապա կառավարությունը ստիպված կլինի դիմել նոր սահմանափակումների: