Մատչելիության հղումներ

Մեդիա փորձագետների խոսքով` դրական Covid-ով հիվանդների տվյալներն իսկապես ադրբեջանցի հաքերների ձեռքում են հայտնվել


Կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր շուրջ 3 հազար 500 հայաստանցիների անձնական տվյալներ ենթադրաբար հայտնվել են ադրբեջանցի հաքերների ձեռքում։ Ինչպե՞ս, որտեղի՞ց, ու արդյո՞ք դրանք ամբողջությամբ իրական տվյալներ են, թե ոչ, դեռևս հստակ չէ։ Այս պահին միայն ադրբեջանցիների պնդումներն են ու հայաստանցի փորձագետների ենթադրությունը՝ տվյալները կեղծ չեն։

«Իրենք ասում են, որ էլեկտրոնային փոստ են կոտրել Առողջապահության նախարարության, և այդտեղից է եղել արտահոսքը: Կարծում եմ` իսկապես այդպես է»,- «Ազատությանն» ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Վերջինս արտահոսքի մասին տեղեկացել էր հենց ադրբեջանցիներից։ Տվյալները հանրայնացրած խումբը դրանք Մարտիրոսյանին ուղարկել ու պարծեցել էր իրենց, այսպես ասած, հաջողությամբ.- «Ռեյնջեր» են կոչվում, ադրբեջանական հաքերների խմբերի, այսպես ասած, ասոցիացիա գոյություն ունի, կոչվում է «Անտիարմենիա», այս «Ռեյնջերն» այդ թիմի մասն է: Իրենց կյանքի նպատակն է հայերին վնաս տալը»:

Առողջապահության նախարարությունից դեռ չեն մեկնաբանում արտահոսքի վերաբերյալ տեղեկությունը, միայն հայտնում են՝ իրենք նման ձևաչափով տվյալների հավաքագրում չեն իրականացնում։ Իսկ այդ դեպքում որտեղի՞ց ադրբեջանցիներին հայաստանցիների անձնագրային, կորոնավիրուսով վարակվելու կամ կոնտակտավոր լինելու տվյալները։ Կառավարությունից միայն հայտնում են՝ իրավապահներն արդեն զբաղվում են տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

«Երևում է, որ սա հաստատված կորոնավիրուսով հիվանդների և Արմավիրի մարզում նրանց հետ կոնտակտավորների ցուցակ է հիմնականում: Կան կրկնվող տվյալներ, կան փոքր քանակությամբ` մոտ 11-12 հոգի արտասահմանից եկածներ»,- նշում է մեդիա փորձագետ Արթուր Պապյանը:

Կորոնավիրուսով վարակակիրների ու հավանական կոնտակտավորների տվյալներն ապրիլից գործարկված քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգում են հայտնվում։ Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը, սակայն, կարծում է, որ ադրբեջանցի հաքերների ձեռքում հայտնված տվյալներն այդ համակարգից չեն.- «Ինձ թվում է, որ յուրաքանչյուր կորոնավիրուսով հիվանդի հետ կոնտակտավոր մարդ ցուցակում հայտնվել է միջինը 5-4 հոգի, կամ այդ մարդիկ այդքանին են հիշել: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև եթե, ու դրանից ենթադրում եմ, որ սա ավելի շատ հիշողության վրա հիմնված ինչ-որ մի բան է, որովհետև ցուցանիշներն են այդպիսին, այսինքն` ինձ թվում է, որ եթե էլէկտրոնային հետևելու, օրինակ, համակարգից լիներ, ցուցանիշները ամեն մեկի հետ կոնտակտավորների ավելի մեծ պիտի լինեին»:

Երեկ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանից» էին քաղաքացիների աձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնել, վարչապետն էլ վստահեցրել էր՝ տվյալները առանձնացված բազայում են հավաքագրվում, որը միացված չէ համացանցին, ապահովված են անվտանգության բոլոր կանոնները.- «Դա լոկալ բազա է և միացված չէ համացանցին, անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են»:

Նման մի արտահոսք նաև վերջերս էր տեղի ունեցել. Հայաստանում կորոնավիրուսից մահացած 132 հոգու մարդկանց անձնական տվյալները հրապարակվել էին Ֆեյսբուքում։ Առողջապահության նախարարությունից հաստատել էին հրապարակված տեղեկության իսկությունը։ Արդեն քրեական գործ է հարուցվել։ Ոլորտի մասնագետները բաձրաձայնում են՝ թե պետական, և թե մասնավոր հատվածում չկա անձնական տվյալների պաշտպանության ապահով համակարգ, իսկ քաղաքացիներն էլ չեն գիտակցում դրա կարևորությունը։

«Թվային անվտանգության քաղաքականություն չկա թղթի վրա գրված, որպեսզի գրված լինի` ով կարող է այսինչ տվյալն ունենալ, ով կարող է օգտագործել, ինչպես, ինչ էլեկտրոնային փոստերից կարելի է օգտվել, որից չի կարելի օգտվել, հազար ու մի սենց բան: Քանի որ չկա հստակություն, պարզ է, որ անընդհատ այսպիսի արտահոսքեր են լինելու»,- նկատում է Սամվել Մարտիրոսյանը:

Արթուր Պապյանն էլ հավելում է.- «Շատերը թքած ունեն, բոլոր ապահովագրական ընկերությունները բոլոր վարորդների տվյալներն ունեն, տուրիստական գործակալությունները ձեր անձնագիրը սքանավորում են ու երբեք էլ իրենց մոտից չեն վերացնում: Եվ կա պետական մարմին` Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որն իրավասու է ինչ-որ դեպքերում վարույթ անել և, կարծեմ, նույնիսկ տույժեր սահմանել, սակայն այդ մարմնի ռեսուրսներն են սահմանափակ և նաև գործիքակազմը»:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը կարծում է՝ որ պետք է նախադեպ ստեղծել, բողոքարկել՝ պարտավորեցնելով պետական մարմիններին անձնական տվյալների հնարավորինս լավ պաշտպանություն ապահովել։ Հակառակ դեպքում քաղաքացիները կարող են հայտնվել հաքերների ու խարդախների թիրախում.- «Պատկերացրեք` նրանցից ինչ-որ մեկին հիմա զանգում է խարդախ մեկը, ասում է` այ դուք այսինչ անձագրով քաղաքացին եք, չգիտեմ, ու ինչ-որ մի բան խաբի, հրահանգի իրեն շտապ գումար փոխանցել, որովհետև բանկից է, տոկոսն է ուշացել և այլն»:

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող շուրջ 3500 անձանց տվյալներ։

Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու և հայտնաբերելու նպատակով»։

XS
SM
MD
LG