Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն մերժել է ապաստան տրամադրել մոլդովացի մեծահարուստ օլիգարխ Պլախոտնյուկին


Վլադ Պլախոտնյուկ, արխիվ
Վլադ Պլախոտնյուկ, արխիվ

Միացյալ Նահանգները քաղաքական ապաստան չի տա մոլդովացի օլիգարխ, քաղաքական երբեմնի ազդեցիկ գործիչ Վլադ Պլախոտնյուկին և նրա ընտանիքի անդամներին։ Դաշնային դատարանը մերժել է նրա դիմումը։

Վլադ Պլախոտնյուկը Մոլդովայի ամենահարուստ մարդն է, Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը, օլիգարխ, որը կուլիսներից կառավարում էր երկիրը, բայց անցած ամռանը հեռացել էր հայրենիքից և ցանկանում է հաստատվել ԱՄՆ-ում:

Հունվարին նա զրկվել էր ամերիկյան վիզայից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ Պլախոտնյուկի «կոռումպացված գործողությունները Մոլդովայում խարխլել են օրենքի գերակայությունը և լրջորեն վարկաբեկել ժողովրդավարական ինստիտուտները»։

Բողոքարկելով վիզա չտրամադրելու որոշումը` Պլախոտնյուկը հայց էր ներկայացրել Նյու Յորքի Արևելյան շրջանային դատարան։ Նա նշել էր, որ վիզայի մերժումն իրեն զրկել է ապաստան ստանալու համապատասխան միջնորդությունը քննելու իրավական գործընթացից, ինչը լուրջ վտանգի տակ է դնում իր կյանքն ու ազատությունը։ Նա պնդել էր, որ պայքարել է կոռուպցիայի դեմ, ձգտել է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունն իր երկրի քաղաքական համակարգի վրա, իր դեմ մի քանի անգամ մահափորձ է կազմակերպվել։ «Ռուսաստանը առանց տատանվելու կսպանի նրան ինչ-որ տեղ Եվրոպայում, քանի որ ձգտում է աշխարհաքաղաքական գերակայություն ունենալ հետխորհրդային ամբողջ տարածքում»,- նշել էին նրա փաստաբանները դատարան ներկայացրած հայցում: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է հայցը։

Պլախոտնյուկն ու նրա մերձավորները 2019-ի ամռանը Մոլոդովայից անհայտ ուղղություններով հեռացել էին մասնավոր օդանավերով, ինչպես գրել էր տեղական մամուլը։ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ նրան բազմիցս տեսել են Մայամիում։

Ըստ դատական հայցում նշված տեղեկատվության՝ նա Միացյալ Նահանգներ է մտել Մոլդովան լքելու հաջորդ օրը՝ 2019-ի հունիսի 15-ին և երեք ամիս անց դիմել է քաղաքական ապաստան ստանալու համար։ Այս տարվա հունվարին քաղաքական ապաստան ստանալու նրա դիմումը մերժվել է, ու նա դիմել է դատարան։

Մարտին Քիշնևում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել էր, որ նրան ԱՄՆ-ից արտաքսելու գործընթաց է սկսվել` նշելով, որ այն սովորաբար երկար է տևում դատական քննությունների պատճառով։

Մոլդովացի մեծահարուստի, երբեմնի քաղաքական ազդեցիկ դերակատարի հանդեպ հայրենիքում քրեական գործ կա հարուցված։ Խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով անցյալ տարվա աշնանը Մոլդովայի դատարանը նրան կալանելու որոշում է ընդունել։ Պլախոտնյուկի անունը կապվում է 2012-2014 թվականներին Մոլդովայի բանկից մեկ միլարդ դոլար անհետանալու հետ։ Մեկ միլիարդ դոլարը Մոլդովայի համախառն ներքին արդյունքի մեկ ութերորդ մասն է`12 տոկոսից ավելին։ Կոռուպցիոն այդ գործով մեղավոր էր ճանաչվել նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, 2019-ի դեկտեմբերին նա ազատ է արձակվել։

Բանկից կատարված այդ խոշոր գումարի յուրացման մասին լուրերը խարխլել էին մոլդովացիների վստահությունը արևմտամետ կառավարության հանդեպ, երկիրը երկար ժամանակ ցնցվում էր ցույցերից ու բողոքի ակցիաներից։

Օլիգարխ Պլախոտնյուկը կուլիսներից կառավարում էր Մոլդովան, բայց 2019-ի հունիսին խորհրդարանը պաշտոնանկ արեց Դեմոկրատական կուսակցության կառավարությանը, նոր կառավարություն ձևավորվեց, միավորվեցին արևմտամետ Մայա Սանդուի ու ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի քաղաքական ուժերը։ Պլախոտնյուկը բոլոր ջանքերով դեմ գնաց այդ կառավարությանը, որովհետև մտավախություն ուներ, որ նոր իշխանությունը կարող է հետաքննել կոռուպցիոն գործը։ Նրա վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանն անօրինական ճանաչեց նոր կառավարությունը` պնդելով, թե կառավարություն ձևավորելու ժամկետն արդեն անցել էր, երկրի նախագահին դատարանը զրկեց լիազորություններից, նախագահի պաշտոնակատար էր նշանակվել գործող վարչապետ Պավել Ֆիլիպը, վերջինս էլ խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու հրամանագիր էր ստորագրել։

Սակայն այս խառը վիճակը` ըստ էության երկիշխանությունը կարճ տևեց, խորհրդարանը` որպես լեգիտիմ մարմին, անտեսելով այդ բոլոր որոշումները, շարունակեց աշխատել, միջազգային հանրությունն ուժեղ աջակցություն հայտնեց խորհրդարանին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները հրաժարական տվեցին, նախկին կառավարությունը, որը զենքերը վայր չէր դնում, հեռացավ ասպարեզից։ Օլիգարխ Պլախոտնյուկը պարտվեց ու հեռացավ երկրից:

XS
SM
MD
LG