Հայաստանում առաջին անգամ իրականցվել է պետկատե (պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա)՝ քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանն ասում է, որ հեռախոսազանգերը չեն ընդհատվում, դիմողները շատ շատ են. – «Զանգահարողները շատ են, ուզում են վստահ լինել, թե երբ կարող են [հետազոտվել], որովհետև երկրից մեկնելու խնդիր կա մարդկանց մոտ: Հետազոտությունը այս պահի դրությամբ արժենալու է 450 հազար դրամ»:
Այս հետազոտության համար քաղցկեղ ունեցողները ստիպված էին մեկնել Վրաստան, Ռուսաստան, Եվրոպա՝ եթե իհարկե կարողանում էին այդ թանկարժեք ճամփորդության ու հետազոտության համար գումար գտնել։ Հետազոտությունը Հայաստանում էլ էժան չէ, սակայն փրկություն է փակված թռիչքների պայմաններում։
«Որևիցե մի կերպ մենք եվրոպական որևիցե մի երկրի չենք զիջելու մեր կատարած աշխատանքի որակով», - վստահեցնում է Զոհրաբյանը:
Ֆիզիկայի ինստիտոտի ցիկլոտրոնի՝ փոքր արագացուցչի ու դրա միջոցով քաղցկեղի ախտորոշման ոլորտում հեղափոխություն անելու մասին Հայաստանում խոսում են ավելի քան տասը տարի։ Այդ ընթացքում միլիոնավոր եվրոյի վարկեր են ծախսվել, Բելգիայի կառավարությունից, Համաշխարհային բանկից ստացված միջոցներով կենտրոնն է կառուցվել, իսկ ցիկլոտրոնը համառորեն չէր գործարկվում։ Մեկ տարի առաջ Ֆիզիկայի ինստիտոտի մասնագետների ու Հայաստան հրավիրված Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս Անի Ափրահամյանի շնորհիվ ցիկլոտրոն-արագացուցիչը գործարկվեց ու արտադրվեց առաջին իզոտոպը, որը զտվում-դառնում է պատրաստուկ հիվանդին ներարկելու, ապա պետկատե հետազոտություն անցկացնելու համար։
Պրոֆեսոր Ափրահամյանը հիմա մի քիչ նեղացած է, որ առաջին հիվանդին ընդունել են, իսկ ինքն այդ մասին իմացել է Միացյալ Նահանգներից. – «Ես դրամը ծախսեցի և նյութերը բերի, որ աշխատցնենք, ես ժամանակը տվի, որ մարդիկը բերեն Ռուսիայեն, Եվրոպայեն և Ամերիայեն, որ աշխատցնեն: Կերևա, ասի Հայաստանին ձևն է: Անշուշտ կնեղանամ, բայց շիտակը` ինձի համար ավելի կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա էսպես մի բան Հայաստանի մեջ»։
Անի Ափրահամյանը հիշում է իր ու վարչապետի զրույցը, երբ հենց ցիկլոտրոնի գործարկման համար արդեն Հայաստանում էր. – «Պարոն Փաշինյանը ինձի անցած տարի հարցուց որ ինչու չի աշխատում ցիկլատրոնը մինչև հիմա: Ըսի` որովհետև մարդիկ չէին ուզում, որ աշխատի մինչև հիմա»:
Այժմ, երբ առաջին հետազոտությունն արդեն հաջողությամբ իրականացվել է, պրոֆեսորը հույս ունի, որ քաղցկեղը դատավճիռ չի լինի Հայաստանում ապրողի համար. – «Ամեն տարի Հայաստանում մեր մարդիկ մեռնում են քաղցկեղից: Ինչո՞ւ: Երբ որ կարող ես կանուխեն հայտնաբերել, քիմիայով աղեկնան մարդիկ և շնորհքով կյանք ապրեն և աշխատեն»:
Ասում է, որ 450 հազար դրամը մեկ հետազոտության համար թանկ է, բայց ակնկալում է, որ պետությունը պետպատվեր կտրամադրի որոշակի թվով հիվանդների համար:
Ռադիոիզոտոպների կենտրոնի տնօրենից տեղեկացանք, որ պետպատվերի տեղադրման հարց դեռևս չի քննարկվել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջինն էր, որ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան` 10-ամյա սպասումից հետո: Սա հաղթանակ է մեր երկրի համար:»
Իսկ Ֆիզիկայի ինստիտոտի տնօրենը հիշեցնում է, թե որքան թերահավատ էր նախարարը ցիկլոտրոնի թողարկումից հետո:
Թորոսյանն ասել էր. – «Մեր մեջ ասած, նույնիսկ եթե գործարկվի էլ, շատ մեծ հարցական է եկամտաբեր կլինի՞, թե՞ չէ: Որովհետև ի սկզբանե նախատեսված է եղել, որ դա լինելու է մի մեծ կոմպլեքսի մի փոքր մասը, որը ընդհանուր կարող է լինել եկամտաբեր»:
Ռադիոիզոտոպների կենտրոնի տնօրեն Հովհնանես Զոհրաբյանն ասաց, որ այսօր էլ հաշվարկներ չունեն՝ սպասվող հիվանդների թիվ, եկամտաբերություն․․․ Կարևորը, ասաց, այն է, որ կենտրոնը իր ամբողջական շղթայով գործարկվել է:
Ի՞նչ կլինի հետո, արդյո՞ք Հայաստանն արդեն միջուկային բժշկության քարտեզի վրա է: Անորոշություն դեռ կա: Հարցն այն է, որ դեռևս 2013 թվականին կառավարությունը պայմանագիր է կնքել օֆշորում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված «Գլոբըլ Մեդիքըլ Սըլյուշնս» ընկերության հետ, որով այդ ընկերությունը բացառիկ իրավունքներ է ստացել կառավարելու և շահագործելու ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Խոստացել էր 14 միլիոն դոլարի ներդրում
«Իրենք մեկ օրուժ չեն ծախսած այս կենտրոնին վրա: Ինչպե՞ս իրենցն է», -- տարակուսում է Անի Ափրահամյանը:
Օֆշորային ընկերության հետ պայմանագիրը խզելու հարցը մեկ տարուց ավելի է, ինչ կառավարության օրակարգում է։ Լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ «Գլոբըլ Մեդիքըլ Սըլյուշնս»-ը դիմել էր արբիտրաժային դատարան, սակայն այժմ գործընթացը կասեցված է, քանի որ կողմերը փորձում են ցիկլոտրոնի վեճը հաշտարարությամբ լուծել։