Փոխարենը ՀՀ կառավարությունը պետական բյուջեից ավելի քան 63 միլիարդ դրամ հատկացրեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի վերազինման ու արդիականցաման համար։
«Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված` հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է», - Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու համար Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ 2015 թվականին 270 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր էր կքնել: Արդեն այս տարի ռուսաստանյան կողմն առաջարկել էր ևս 2 տարով երկարաձգել վարկը, սակայն խստացրել էր պայմանները՝ առաջարկելով վարկի 80 տոկոսն ուղղել ռուսաստանյան ընկերությունների ծառայություններից օգտվելու ու սարքերի գնումների վրա։
Սակայն, ըստ Կառավարության, այդ մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսաստանյան արտադրողների և ծառայություններ մատուցողների համար, սահմանափակում է որակյալ և զգալիորեն ավելի ցածր գներով ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունները։
Վարչապետը գործադիրի նիստին նշեց, որ իրենք արձանագրում են, որ ռուսաստանյան վարկը իր չափերով ու պայմաններով այդքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար. – «Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործըթնացը դնել ամբողջությամբ շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքեր մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր: Հույս ունենք նաև, որ որակի առումով էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որ մենք ձեռք էինք բերում նախկին պայմաններով»:
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը խնդիր ունի բարձրացնելու ատոմակայանի արդյունավետությունը` շեշտելով. – «Սա ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության ապահովման խնդիր է»:
Ռուսաստանյան վարկից հրաժարվելու խնդրին այսօր անդրադարձել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա հայտարարել է, թե ռուսաստանյան կողմում այս առումով հարցեր չեն առաջացել, և «ոչ մի ողբերգություն և աղետ չկա»: