Զբոսաշրջային ոլորտը և դրան առնչվող ծառայությունները առաջինը զգացին կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի հետևանքները, ասում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, բայց չի համաձայնում, որ կառավարությունը նրանց առանձնակի մոտեցում չի ցուցաբերել։
Նախարարն ասում է՝ տնտեսական աջակցության բոլոր ծրագրերում զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունները ներառված են եղել որպես պոտենցիալ շահառուներ։ Խոսքը, մասնավորապես, արտոնյալ վարկերի մասին է:
«Գործող ծրագրերի մեջ առանձնահատուկ ձևով շահառու են ճանաչվել զբոսաշրջային ոլորտին առնչվող բոլոր տիպի կազմակերպությունները: Թվով 300 կազմակերպություններ այդ երկու միջոցառումների ծրագրերով դարձել էն իրական շահառուներ և 3,2 միլիարդ՝ մոտավորապես այդպիսի արտոնյալ վարկերի գումարը գնացել է հենց հանրային սննդի, հյուրանոցային, հյուրատնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների ֆինանսավորմանը», - նշեց Տիգրան Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարը հիշեցնում է՝ զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունները կարող են օգտվել նաև 5-րդ և 18-րդ ծրագրերից, որոնք դրամաշնորհներ են նախատեսում այն ընկերությունների համար, որոնք այս ընթացքում պահպանել են իրենց աշխատատեղերը:
«5-րդ միջոցառման դեպքում դա վերաբերում էր մինչև 50 աշխատակից ունեցող կազմակերպություններին, արդեն 18-րդը՝ մինչև 100 աշխատակից ունեցող կազմակերպություններին: Ես այդտեղ վիճակագրություն չունեմ, բայց այդտեղ էլ, եթե ընդհանուր չափանիշներին բավարարող զբոսաշրջային կազմակերպություններ են եղել կամ հանրային սննդի, հյուրանոցային [ծառայություններ մատուցող], ապա իրենք ևս շահառու են ճանաչվել», - նշեց Խաչատրյանը:
Համաշխարհային տնտեսական արդյունքի 3-5 տոկոս անկում են կանխատեսում միջազգային կազմակերպութունները, մատնանշում է նախարարն ու շեշտում՝ Հայաստանը աշխարհից մեկուսացված չէ, բայց ակնկալում են, որ արդեն 2021 թվականին հնարավոր կլինի վերականգնել կորուստները:
«Աշխարհում ընդհանուր առմամբ այդ ազդեցությունը դեռևս չի չափվում վերջնականապես, տարբեր միջազգային կազմակերպություններ տարբեր գնահատականներ ունեն: Ցավոք, առայսօր այդ գնահատականները գնալով ավելի ու ավելի կոնսերվատիվ են դարձել, եթե սկզբից միջազգային հեղինակավոր կազմակերպությունները այն կարծիքին էին, որ այս երևույթն արագ կհաղթահարվի, և մենք 2020 թվականի երկրորդ կիսամյակում արդեն կունենանք վերականգնման փուլ, հիմա ավելի շատ են այն մտահոգությունները, որ կարող է տևել ավելի երկար: Հայաստանը, բնականաբար, մեկուսացված չէ, վերջին գնահատականը պաշտոնապես տրվել է, երբ որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը Ֆինանսների նախարարությունը ներկայացնում էր Ազգային ժողովի քննարկմանը: Այնտեղ եկամտային որոշակի ճշգրտումներ կատարվեցին պետական բյուջեում, քանի որ մեզ մոտ սպասվող նվազումը՝ տնտեսական արդյունքի, ազդելու է նաև հարկային եկամուտների նվազման վրա: Դա երկու տոկոսի սահմաններում է համախառն ներքին արդյունքի գնահատված եղել այդ պահի դրությամբ, այլ պաշտոնական գնահատական չի եղել», - ասաց նախարարը: