Մատչելիության հղումներ

Covid 19-ի ամենամեծ առեղծվածը. «աննկատ տարածողները»


Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումից կես տարի անց գիտնականները փաստում են, որ այս համաճարակի ամենամեծ առեղծվածը թերևս դրա տարբերակված ընթացքն է. բազմաթիվ են դեպքերը, երբ միևնույն քաղաքում ապրող և առողջական գրեթե նույն պատկերն ունեցող երկու հասակակիցներից մեկը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը, վարակակիր լինելով հանդերձ, այդպես էլ որևէ ախտանշան չի ունենում: Թե որն է պատճառը, այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել: Գիտականները, մի քանի ամիս շարունակվող հետազոտություններրց հետո էլ դեռ վերջնական եզրակացության չեն եկել:

Դեռ անպատասխան է նաև սրանից բխող մյուս հարցը` ի վերջո, վարակակիրներից քանի՞սն են հիվանդությունը տանում առանց ախտանշանների, և արդյո՞ք նրանք, ովքեր նույնիսկ չեն հազում կամ փռշտում, կարող են վարակել իրենց շրջապատին:

Սինգապուր. Վարակակիրների առնվազն կեսը հիվանդության որևէ նշան չունի

Առաջիններից մեկն այս հարցը սկսել են ուսումնասիրել Սինգապուրի փորձագետները: Քաղաք-պետությունում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել էր հունվարին ու տարածվել մասնագետների համար մութ ճանապարհով: Պարզվել էր, որ վարակակիրների մեծ մասը միմյանց չեն ճանաչում և որևէ շփում չեն ունեցել: Տարածման առեղծվածը բացատրելու համար երկրի առաջատար համաճարակաբանները լայնածավալ հետաքննություն էին սկսել ու դիմել ոստիկանների օգնությանը: Վարակակիրների հետ զրույցներից բացի, ուսումնասիրվել էին տեսախցիկների ձայնագրություններ, բջջային հեռախոսների տվյալներ, և ի վերջո գտնվել էր բոլորին միավորող օղակը. պարզվել էր, որ վարակվածները մասնակցել են եկեղեցական մի ժամերգության, որին ներկա էր եղել այդ օրերին համաճարակի էպիկենտրոնը դարձած Վուհանից եկած մի զույգ: Ընդ որում, վերջիններս հիվանդությանը բնորոշ որևէ ախտանշան չէին ունեցել` չէին հազացել, չէին փռշտացել, բայց փաստորեն վարակել էին առնվազն մեկ տասնյակ մարդու: Է'լ ավելի մեծ էր եղել մասնագետների զարմանքը, երբ պարզվել էր, որ վարակված կանանցից մեկը եկեղեցի էր մտել այդ արարողությունից մի քանի ժամ անց և նույնիսկ չէր էլ հանդիպել Վուհանից եկածներին: Պարզապես նստել էր նրանց աթոռին:

Հիվանդության որևէ նշան չունեցող, բայց վարակն աննկատ տարածողների թիվը պարզելու համար մի քանի շաբաթ առաջ Սինգապուրում լայնածավալ թեստավորում էր սկսվել, և այսօր համաճարակի դեմ պայքարի ազգային շտաբի պետ լոուրենս Վանգը հրապարակել է արդյունքները. - «Պարզվեց, որ ախտանիշ ունեցող յուրաքանչյուր հիվանդին բաժին է ընկնում առնվազն մեկ ասիմպտոմ վարակակիր: Համենայնդեպս, դա է վկայում մեր`Սինգապուրի փորձը: Այո, նրանք չեն հազում, չեն փռշտում, բայց, այդուամենայնիվ, փոխանցում են վարակը: Մինչև այժմ արձանագրված դեպքերը վկայում են, որ նրանք կարող են վարակել մյուսներին, եթե ապրում են շատ մոտ հեռավորության վրա, սերտորեն շփվում են այլոց հետ, կամ օգտվում են միևնույն սպասքից»:

Հենց այդ պատճառով էլ, ըստ պաշտոնյաների, Սինգապուրը որոշել է հետ կանգնել համաճարակի դեմ սահմանափակումները չեղարկելու որոշումից` հորդորելով քաղաքացիներին հնարավորինս շատ մնալ տանը և նվազեցնել շփումները: Սինգապուրը նաև առաջիններից մեկն էր աշխարհում, որտեղ դիմակները դարձան պարտադիր, դրանք անգամ միջին և բարձր դասարանների աշակերտներն են կրում: Իսկ կարգազանցներին սպառնում է տուգանք` ավելի քան երկու հարյուր դոլարի չափով:

Դիմակը`պաշտպանության հավելյալ միջոց

Հենց ասիմպտոմ վարակակիրների առատության պատճառով Մեծ Բրիտանիան որոշեց պարտադիր դարձնել դիմակները հասարակական տրանսպորտում:

«Հիմա, երբ ավելի շատ մարդիկ են դուրս գալիս փողոց, և որևէ մեկը չգիտի, թե նրանցից քանիսն են վարակակիր, քանիսը կարող են վարակել կողքինին`առանց այդ մասին իմանալու, մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը` պաշտպանվելու համար», - օրեր առաջ հայտարարել էր Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը: - «Հունիսի 15-ից դիմակները պարտադիր կդառնան հասարակական տրանսպորտում. Պարտադիր չէ, որ դրանք բժշկական լինեն, կարող եք նաև ինքներդ կարել: Այլ երկրների փորձը ցույց է տվել, որ անգամ դրանք թույլ են տալիս թեկուզ սահմանափակ, բայց կանխել վարակի տարածումը»:

Օրեր առաջ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպութնոը վերանայեց նախկինում տրված հանձնարարականը. համադրելով արդեն վեց ամիս ավելի քան 200 երկրներից ստացվող տեղեկությունները`կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեսիոսը հայտարարեց` դիմակները պե՛տք են և օգնում են հաղթահարել համավարակը. - «Վերջին շրջանում ի հայտ եկած նոր փաստերի լույսի ներքո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կառավարություններին քաջալերել հանրությանը դիմակ կրել հանրային այն տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորության նորմերի պահպանումը անհնար է, օրինակ`հասարակական տրանսպորռում, խանութներում ու այլ մարդաշատ վայրերում»:

Մասնագետներն ընդգծում են, որ միայն դիմակը կրելով, առանց պաշտպանական մյուս միջոցների, ձեռքերը հաճախ ախտահանելու, դժվար թե հաջողվի կանխել վարակի տարածումը: Մյուս կողմից, քանի դեռ չգիտենք ինչպես գտնել ու տարանջատել բոլոր վարակակիրներին, անհրաժեշտ է գործի դնել պաշտպանության հնարավոր բոլոր միջոցները` տեսանելի ու անտեսանելի տարածումը կանխելու համար:

Հիվանդներ, որոնք երբեք ախտանիշ չեն ունենում

Ի դեպ, այս ֆենոմենը նոր չէ բժշկության մեջ: Վարակի` առանց ախտանշանների տարածման ամենահայտնի դեպքն արձանագրվել է անցած դարի սկզբներին Նյու Յորքում. քաղաքի տարբեր թաղամասերում ապրող և միմյանց հետ որևէ կապ չունեցող ութ տարբեր ընտանիքներ հիվանդացել էին որովայնային տիֆով, առնվազն երեք մարդ մահացել էր: Տևական հետաքննությունից հետո պարզվել էր, որ բոլոր այդ ընտանիքներում աշխատել է միևնույն խոհարարը` Մարի Մալոնը: Ինքը Մալոնը երբեք հիվանդության որևէ ախտանիշ չէր ունեցել, մինչև կյանքի վերջին օրը համոզված էր, թե լիովին առողջ է և ուղղակի հալածվում է իռլանդուհի ներգաղթյալ լինելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG