«Ապրել սովորականի պես անսովոր այս ժամանակներում», - այսպես է հաղթահարում արտակարգ դրության ժամանակահատվածը երիտասարդ ռեժիսոր, պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը:
Նրա «Ընդհատակ» 20-րոպեանոց վավերագրական ֆիլմը ներկայացված է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակաբախշությանը, որը, ինչպես նշեց Արարատ Գրիգորյանը, հետաձգվել է և կիրականացվի սեպտեմբեր ամսին: Նրա ֆիլմը, 6 այլ վավերագրակա ֆիլմերի հետ միասին, անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, ինչն արդեն իսկ երիտասարդ ռեժիսորը շատ կարևոր է համարում:
«Ֆիլմը ես նկարել եմ 2019 թվականին», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Գրիգորյանը: - «Ֆիլմը մարդու անկման մասին է: Ֆիլմի գաղափարը առաջացել է Գորկու «Հատակում» պիեսի մարդկանց հոգեբանությունից: Ես ուզեցի փնտրեմ էդ մարդկանց տեսակներն այսօրվա մեր իրականության մեջ, իրենց վավերագրական տեսակները: Ես, ճիշտն ասած, գտել եմ շատ հետաքրքիր մարդկանց: Իմ հերոսների մեջ կան մուրացկաններ, կան անտուններ, կան որ տուն ունեն, բայց էլի ապրում են դրսում, չգիտես ինչու: Այդպես է դասավորվել իրենց կյանքը: Մի հերոս կա, որ ինքը ամեն օր աղբանից իր ու շան համար ուտելիք է հանում: Ու դա իրեն, կարծես թե, հաճույք է պատճառում, որ ինքը կարողանում է այդ շան համար ուտելիք գտնել: Ու իհարկե շատ հոգեբանական խոսակցություններ կան, իրենք կամերայի առաջ պատմում են իրենց կյանքի մասին, թե ոնց են դարձել էս տեսակը: Երևի իրենք հարմարվել են էդ ամեն ինչին, ոչ մի ձտգում ոնց որ թե չունեն, որ էդ ամեն ինչից դուրս գան»:
Պատասխանելով առաջիկա ծրագրերի մասին հարցին` երիտասարդ ռեժիսորն ասաց. – «Ճիշտն ասած, երբ «Ընդհատակ» ֆիլմը նկարել էի, ես չէի էլ լսել կորոնավիրուսի մասին, ու մտքովս չէր անցել, որ պետք է պարետային ժամ լինի, մեկուսացում լինի, կարանտին լինի: Երբ ստեղծագործում ես, ու քո ֆիլմի ասելիքը մի քիչ մոտ է այսօրվա օրվան, մի քանի ամիս ինչ-որ որոնումներ քո մեջ չկան, որովհետև դու դրա մասին խոսել ես ամիսներ առաջ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.