Մատչելիության հղումներ

Դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը


Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ
Դատավոր Դավիթ Գրիգորյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։ Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք է հանդիսացել հանցակազմի բացակայությունը։

«Արդարադատությունը Հայաստանում չի սպանվելու, ավելին` ապաքինվելու է ու բաղկացած է լինելու գրագետ, խիզախ ու անկախ դատավորներից։ Այսօր այդ ճանապարհին կատարվեց կարևորագույն քայլ` դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը», - Ֆեյսբուքում գրել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, դատավորը հայտարարել էր, թե այս ամենն իր հետ տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ անցած տարի մայիսի 18-ին կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև կասեցրեց քրեական գործն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշ կասկածներ փարատելու համար։

Ըստ քրեական գործի, դատավոր Գրիգորյանը պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու պատճառով այնպես է արել, որ դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել այն մասին, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, Քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր, հայտարարում է ՀՔԾ-ն։

XS
SM
MD
LG