Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պարզել են, թե որ ռեստորանն է ուժայինների համազգեստով բեմադրություն կազմակերպել


Ազգային անվտանգության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան և Ոստիկանապետ Արմար Սարգսյան
Ազգային անվտանգության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան և Ոստիկանապետ Արմար Սարգսյան

Ոստիկանությունն ուսումնասիրում է դիմակ չկրող քաղաքացուն ուժի գործադրմամբ բերման ենթարկելու տեսանյութը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Արման Սարգսյանը` հորդորելով նախապես ոստիկանների գործողությունները չորակել ոչ իրավաչափ։

Նշենք, որ այսօր Ֆեյսբուքում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է , թե ինչպես են մի քանի ոստիկաններ ուժի գործադրմամբ բերման ենթարկում դիմակ չկրող քաղաքացուն։ Այս տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել, ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. - «Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»։

«Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կիրառել և կիրառելու է ֆիզիկական ուժ, որովհետև մենք ձեռնաշղթա ենք գցում, ասում են` ինչու եք ձեռնաշղթայով տանում, չենք գցում, ասում են` ինչու ձեռնաշղթա չգցեցիք, փափուկ ա, ասում են`թավշյա է, մոտենում ձեռք ա տալիս, ասում են` բիրտ ա...», - Արման Սարգսյանը:

Ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձան աղմկահարույց մեկ այլ տեսանյութի, որը ֆեյսբուքյան իր էջում նաև տարածել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռեստորաններից մեկում հարսանեկան միջոցառման ժամանակ ԱԱԾ -ի և ոստիկանության համազգեստներով բեմադրություն էր կազմակերպվել։ Նախ ոստիկանների համազգետով անձինք իբրև թե զգուշացնում են, որ համաձայն պարետի որոշման, հարսանքավորները պետք է լքեն ռեստորանը, ապա գալիս են ԱԱԾ համազգեստով անձինք և հանդիսատեսին զարամացնում իրենց տպավորիչ պարով։

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այդ բեմադրությունը կատարվել է Պտղնիում գտնվող «Վիլա Հիլս» ռեստորանում, ինչն «անհետևանք չի մնա»։

Ոստիկանապետ Արման Սարգսյանն իր հերթին նշեց, թե ցավալի է, որ ամենօրյա հորդորներից հետո տնտեսավարողները խախտում են պարետի սահմանած կանոնները և դեռ մի բան էլ իրավապահ մարմինների համազգետոսվ բեմադրություններ են կազմակերպում. – «Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սուբյեկտին, համապատասխան տեսչության հետ մեր կողմից կազմվել է արձանագրություն, այդ արարքին տրվել է իրավական գնահատական»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ընդունո՞ւմ են, որ ոստիկանությունը բացթողումներ ունեցել է պարետատան կողմից սահմանած կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առումով, ինչի արդյունքում էլ այսօր ունենք վարակի մեծ տարածում, Ոստիկանապետ Արման Սարգսյանն ասաց, թե ոչ մի պաշտոնատար անձ չի կարող ասել, որ բացթողումներ չի ունեցել։ Բայց իրենք չեն կարող ամեն քաղաքացու կողքին կամ ամեն բակում ոստիկան կանգնեցնել։

Ի դեպ ոստիկանապետը տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ուժայինների աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայատած դժգոհությանը` ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարիտիրոսյանն էլ իր հերթին ընդգծեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է , պարզապես իրենց ուժերը չեն բավարարում ողջ բնակչության կողմից դիմակների կրումն ու պարետատան սահմանած մյուս կանոնների պահապանում ապահովելու համար։

Ի դեպ, ԱԱԾ տնօրենը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու չեն կարողանում գտնել հետախուզման մեջ գտնվող անձանց, նաև թե ինչպես ՊԵԿ նախկին նախագահ Գագաիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, հաջողվեց անհետանալ։ Էդուարդ Մարտիորսյանը վստահեցրեց, որ ամեն դեպքում Հայաստանի սահմաններով Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել։

XS
SM
MD
LG