Մատչելիության հղումներ

«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը կանցկացվի հիմնականում առցանց


ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Տիկնիկային արվեստի գործիչների միության հայաստանյան կենտրոնի՝ «Ունիմա –Հայաստան»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի տիկնիկային գործիչների միության նախագահ Արմեն Սաֆարյանի նախաձեռնությամբ 2005 թվականից սկսած ամեն տարի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրի ներքո տիկնիկային միջազգային փառատոն է կազմակերպվում Հայաստանում, որտեղ տարեցտարի ավելանում է մասնակից երկրների թատերախմբերի թիվը:

Ավանդաբար փառատոնը մեկնարկում էր Թումանյանի ծննդավայր Դսեղում, ապա շարունավում մարզերում՝ եզրափակվելով մայրաքաղաք Երևանում:

«Ազատության» հետ զրույցում Արմեն Սաֆարյանն ասաց, որ փառատոնն այս տարի կկայանա հիմնականում առցանց՝ կապված համավարակի հետ դրսից տիկնիկային թատերախմբեր չեն կարող ժամանել Հայաստան, բայց Դսեղում էլ մեր տիկնիկային թատերախմբերը հանդես կգան բացօդյա ներկայացումներով՝ պահպանելով, իհարկե, անվտանգության բոլոր կանոնները, քանի որ փառատոնը շատ սպասված է հատկապես՝ Դսեղում և մերձակա գյուղերում ու ավաններում:

«Մենք նախատեսել ենք Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ներկայացում-հեքիաթը բեմադրել, որը չքնաղ հեքիաթ է` իր մարդասիրության, հոգատարության և հատկապես այս մեկուսացված վիճակում: Այստեղ կոչ է, որ հոգատարությունը է'լ ավելի մեծ լինի, է'լ ավելի ինքնազոհաբար դիմացինին օգնել: Եվ իհարկե, մեծ Թումանյանի «Ոսկու կարասն» ենք նախատեսել բեմադրել, որտեղ մենք պետք է մեր բալիկներին և ոչ միայն բալիկներին սովորեցնենք, մեծերին էլ հիշեցնենք, որ ուրիշինը մի ցանկացիր: Իսկ երրորդը, մենք նախատեսել էինք, և ուրախ եմ, որ թատրոնները կարող են փոքրիկ խմբերով ելույթներ ունենալ, մենք այդպես էլ նախատեսել էինք փոքր խմբով Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսի» հեքիաթի հիման վրա հյուրախաղեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերում, ինչպես ամեն տարի մենք գնում ենք տասնյակ տարիներ: Մեր միության «Կարապետ» թատրոնը պատրաստել է թե' ելույթներ հանդիսատեսի համար և թե' վարպետության դասեր այն մարզերում, որտեղ մենք տարբեր տարիների ընթացքում բացել ենք երիտասարդական տիկնիկային թատրոններ և թատերախմբեր»:

Սաֆարյանը փոխանցեց, որ փառատոնը կբացվի Խաղաղության համաշխարհային օրը` սեպտեմբերի 21-ին և կտևի մինչև նոմեբերի 25-ը. – «Այդ ընթացքում նաև նշվելու է, ինչպես ամեն տարի նշվում է, Հանդուրժողականության համաշխարհային օրը, Խաղաղության ծառի հնգամյակը կնշվի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը: Իհարկե, մենք անդրադառնալու ենք նաև Ցեղասպանության 105-ամյակին, որի զոհ դարձան հարյուր հազարավոր անմեղ մանուկներ, որոնք այդպես էլ չտեսան տիկնիկային ներկայացումներ, չշփվեցին մշակույթի հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը կանցկացվի հիմնականում առցանց
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG