Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրված Կավասակիի սինդրոմի դեպքը առայժմ միակն է


Հայաստանում արձանագրված Կավասակիի սինդրոմի դեպքը առայժմ միակն է

Հայաստանում արձանագրվել է այսպես ասած «կովիդ կավասակիի» առաջին դեպքը։ 4 տարեկան փոքրիկի մոտ արձանագրվել է Կավասակիի սինդրոմ և առանց ախտանշանների կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարար: Փոքրիկի վիճակը բժիշկները միջին ծանրության են գնահատում։

Կավասակիի սինդրոմը հազվադեպ հիվանդություններից է, սակայն կորոնավիրուսի համավարակի շրջանում տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Միացյալ Նահանգներ, ահազանգեցին, որ Կավասակիի սինդրոմով երեխաների թվի աճ է նկատվում, նրանց մոտ զուգահեռ հաստատվում է COVID-19-ը:

Մանկաբույժ Աիդա Պապիկյանը 2013-ից զբաղվում է Կավասակիի սինդրոմով՝ թե՛ փոքրիկների է բուժում, թե՛ այս թեմայով գիտական աշխատանք է պատրաստում։

Հիվանդության պատճառը շարունակում է անհայտ մնալ. - «Մի շարք հիվանդությունների հետ տարիների ընթացքում կապվել է կավասակի հիվանությունը, բայց որևիցե կոնկրետ ինֆեկցիոն հիվանդություն, որի հետ հստակ կապ ունի, դեռևս չի հաստատվել: Տեսեք, մենք COVID-19-ի հետ այս տարի է, որ շփվում ենք, բայց կավասակիներ ունեցել ենք նաև մինչև այդ: Սա մեզ թույլ է տալիս մտածել, որ միգուցե մի քանի տարբեր ինֆեկցիաներ կան, որ կարող են նման պատասխան առաջացնել օրգանիզմում»:

Հայաստանում մինչև համավարակը կավասակիի դեպքեր գրանցվել են. շուրջ հիսուն մինչև 5 տարեկան երեխա է այս սինդրոմով բուժում ստացել: Աիդա Պապիկյանը վստահ չէ, որ սա ամբողջ թիվն է, քանի որ կավասակին ծնողներին շատ էլ ծանոթ չէ, ախտորոշման հստակ թեստ չկա:

Բայց կան նշաններ, որոնցով առաջնորդվում են մասնագետները. հինգ օրից ավելի տևող տենդը, աչքերի եղջերաթաղանթի բորբոքումը, ցանը մարմնով մեկ. - «Երբեմն մատիկներն են այտուցվում, ափերը, ներբանները: Չորրորդ ախտանշանը բերանի խոռոչի ախտահարումն է: Դա բժշկական լեզվով կոչվում է խեյլիտ, այսինքն` շրթունքների կարմրություն, ճաքճքվածություն, երբեմն արյունահոսություն, բերանի խոռոչում լեզուն վառ կարմիր, մորենման է դառնում»:

Պապիկյանի խոսքով, կավասակին վարակիչ հիվանդություն չէ, որևէ կերպ չի փոխանցվում, դա անոթների բորբոքում է, կարող են ախտահարվել բոլոր օրգանները: Գլխավոր անդառնալի ռիսկը սակայն այն է, երբ սիրտը սնող անոթներն են ախտահարվում։ Կավասակիի սինդրոմը չբուժելու դեպքում 100 երեխայից 25-ի մոտ սրտի արատ է զարգանում. - «Դա իրավիճակ է, որ անդառնալի սիրտը ախտահարվում է, և ցանկացած պահի այն կարող է իրեն զգացնել տալ` շատ երիտասարդ տարիքում, օրինակ, ինֆարկտի տեսքով»:

Կավասակիի սինդրոմի բուժումը թանկարժեքներից է: Մանկաբույժ Պապիկյանի փոխանցմամբ, 10-12 կիլոգրամ քաշով փոքրիկին պետք կգա մեկ միլիոն դրամի հասնող իմունոգլոբուլինային դեղորայք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռևս մայիսն էր տեղեկացրել, որ հաշվի առնելով տարբեր երկրներից հասնող ահազանգերը, պահեստավորում են թանկարժեք դեղորայքը՝ անվճար բուժման համար։

Նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն այնուամենայնիվ հույս ունի, որ նույնիսկ COVID-19 այսօրվա ակտիվ դեպքերի ֆոնին երեխաների մոտ Կավասակիի սինդրոմի դեպքերը շատ չեն լինի. - «Եթե վերցնենք դրսում դիտարկված դեպքերը, երեխաների քանակը, տոկոսները որ հարաբերենք, շատ կարծես թե սպասելի չէ, նույիսկ էս կովիդի պայմաններում: Այդուհանդերձ, այդ պահուստը կա, և կա պայմանավորվածություն, որ դա կթարմացվի»:

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում գրանցված «կովիդ կավասակիի» այլ դեպքեր առայժմ չկան, քանի որ, ասում է, գործող ուղեցույցներում սինդրոմը նկարագրված է, մասնագետները տեղեկացված են։

4-ամյա փոքրիկի բուժումն ընթացքի մեջ է, կանխատեսում սակայն չկա: Մանկաբույժ Աիդա Պապիկյանը մեկ անգամ էլ է շեշտում` Կավասակիի սինդրումը պարզ հիվանդություն չէ։

XS
SM
MD
LG