Մատչելիության հղումներ

«Որ Հայաստանում չկա ճանապարհային ցանց, դրա մեղավորը հետհեղափոխական իշխանությունը չէ». Պապիկյան


«Ազատություն» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերի հարցերին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ստորև ներկայացնում ենք հաղորդումից մեկ հատված.

«Ազատություն». - Ասել էիք, որ կորոնավիրուսի համաճարակի այս պայմաններում, երբ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարող իրենց աշխատանքին անցնել արտերկրում, այստեղ կարող են շինարարական աշխատանքներում ներգրավվել, տվյալներ ունե՞ք, թե քանի մարդ է այդ կերպ աշխատանք գտել:

Պապիկյան. - Այս պահին որևէ թիվ հրապարակել չեմ կարող, ընդ որում, ես մի կարևոր հանգամանքի մասին եմ ուզում նշել՝ նախարարությունը, մարզպետարանները և որևէ պետական մարմին իրավասու չէ կապալառու ընկերությունների աշխատողի ու գործատուի միջև բացի նրանց միմյանց հետ կապ հաստատելը այլ կերպ միջամտել: Այսինքն՝ իմ կողմից արած հայտարարությունից հետո մարզպետարանների էջերով հայտարարություններ են տարածվել՝ խնդրելու, որպեսզի այն մարդիկ, ովքեր նախկինում գնում էին արտագնա աշխատանքի, հիմա իրենց տվյալները, մասնագիտական կարողությունները փոխանցեն մարզպետարաններին, որպեսզի հիմա և առաջիկայում մարզպետարանները դրանք տրամադրեն կապալառու ընկերություններին՝ առաջարկելով, որպեսզի նրանք այդ մարդկանց հետ ընդհանուր հայտարարի գան, աշխատանքային պայմանագիր ստորագրեն և կարողանան մինչ տարվա վերջ այդ մարդկանց աշխատանքով ապահովել:

«Ազատություն». - Այսինքն մարզպետարանի աշխատակիցները, կապալառուները իրենք չեն փնտրելու գտնելու այդ աշխատակիցներին, մարդիկ իրենք պետք է հետաքրքրվեն, գտնեն ու աշխատանքի անցնեն:

Պապիկյան. - Կապալառուն, բնականաբար, իր շահերի, կարիքների շրջանակներում այդ աշխատողերին փնտրելու է: Մենք պարզապես հավելյալ հարթակ ենք ստեղծել, հավելյալ հնարավորություն, որպեսզի կապող օղակ հանդիսանանք շինարարի՝ աշխատողի և գործատուի միջև:

«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ քանի՞ տոկոսով են կատարվել 2019 թվականի կապիտալ շինարարությունը և այս պահին 2020-ի համար նախատեսված գումարների քանի՞ տոկոսն է ծախսվել, ի՞նչ լուծումներ եք տեսնում կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ խնդիրների համար, հնարավո՞ր է ստեղծել թափանցիկ մեխանիզմ, որով քաղաքացիները կարող են կատարվածի մասին համապարփակ տեղեկատվություն ստանալ՝ համաժամանակյա կամ հստակ պարբերականությամբ:

Պապիկյան. - Իրականում այդ ամենը բավականին հասանելի է բոլորին, որովհետև եթե քաղաքացին կամ մեր գործընկեր հայրենակիցը քաջատեղյակ է պետական գնման գործընթացին և շինարարական աշխատանքի ընթացակարգի բյուջեով նախատեսված աշխատանքներին, ապա նրա համար պետք է պարզ լինի, որ մենք ունենք եռամսյակներով նախատեսված գումարներ: Սովորաբար շինարարական աշխատանքները, հաշվի առնելով եղանակային պայմանները, մեկնարկում են երկրորդ եռամսյակի վերջին:

Ավելի թափանցիկ շատ կուզեմ լինել, բայց այս պահին հնարավոր չէ, որովհետև յուրաքանչյուր քայլ ու գործունեության հատված իմ կողմից լուսաբանվում է: Այն, ինչ վերաբերում է կապիտալ շինարարությանը, ես խնդիր եմ դրել իմ աշխատակազմի առաջ ամենօրյա ռեժիմով նորություններին իրազեկ պահել քաղաքացիներին:

«Ազատություն». - Օգտատերերից մեկն ասում է՝ «էն որ էլ չես լարվում, սկսում ես զմայլվել բնությամբ, դա հրաշալի է, մեկ էլ ճանապարհի մեջտեղը խորը փոս ու մեքենադ կարող է այդտեղ էլ մնա ու հետո էլի հարթ ճանապարհ, հետո հետիոտնային անցում ու ոչ մի նշան ու տենց մի հինգ անգամ»:

Պապիկյան. - Իհարկե, չգիտեմ՝ մեր հայրենակիցը որ հատվածի ճանապարհի մասին է խոսում, մի բան հստակ է, այս պաշտոնը ես ստանձնել եմ ուղիղ մեկ տարի առաջ և իմ պաշտոնավարման սկզբից մինչ օրս, ես ամեն ինչ անում եմ, ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան բարեկարգ ճանապարհներ, և նրանց կյանքն օր առաջ ավելի լավը դառնա:

Մեր հայրենակիցներին և մասնավորապես այն հայրենակիցներին, ովքեր հիմա իշխանության ջատագովն էին, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ճանապարհային ցանց, դրա մեղավորը հետհեղափոխական իշխանությունը չէ, մեր իշխանությունը չէ, դրա համար կան բազմաթիվ պատասխանատուներ, և անհամեստ չլինի, բայց մեր կառավարությունն այս երկու տարվա ընթացքում ապացուցել է, որ մեր ունեցած բոլոր հնարավորությունները ներդնում ենք, որ այդ ոլորտը հանրավորինս բարեկարգվի: Իհարկե, ամեն ինչ անթերի չէ, իհարկե, կան դեպքեր, երբ բազմաթիվ են փոսերը ու շարունակելու են այդպիսի փոսերը լինել, մինչև մենք կարողանանք մեր խոստացած 5-ամյա ժամկետում մեր ճանապարհային ցանցի գոնե 70 տոկոսն ապահովել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG