Մատչելիության հղումներ

«Ոչ մի բանն էլ մեր սրտով չի». շրջանավարտների չստացված տոնը


«Ինչեր էինք մտածել», - Լիլիթը մտքում հերթով անցնում է ավարտական վերջին զանգի բոլոր համարներով, - «Շատ սիրուն համար էինք մտածել պարով, ափսոս՝ չստացվեց»:

Հաղարծինի միջնակարգ դպրոցի հանդիսությունների ամայի սրահում տոնական ոչինչ չկա: «Տխուր է, այն պատճառով, որ շատ սիրուն մտքեր ունեինք, բոլորի մոտ մի էնպիսի կարծրատիպ էր, այսպես ասած, որ մեր վերջին զանգն ամենաօրիգինալն ու չկրկնվողը պիտի լիներ», - ասաց Լիլիթ Գրիգորյանը:

Հաղարծինցի շրջանավարտը դաշնամուր է նվագում, երգում է, բայց որոշել է դառնալ երգող-նվագող վիրաբույժ։ Չի ասում՝ «դիմելու եմ Բժշկական», համոզում է՝ «ընդունվելու եմ Բժշկական»։

«Կուզեի շատ վերադառնալ մեր համայնք, որովհետև իրականում մեր համայնքը շատ օգնության կարիք ունի, բայց չգիտեմ», - ասաց Լիլիթ Գրիգորյանը:

Տավուշի Հաղարծինը այս տարի 42 շրջանավարտի է ճանապարհում։ Հավաք, տոն, պարահանդես, նույնիսկ հանդերում խնջույք չկա, չի լինելու. դիմակով, հերթով, միմյանցից հեռու ավարտական վկայականներն են վերցնում բակում։ Դպրոցի տնօրենը փաստաթուղթը նույնիսկ չի փոխանցում՝ վարակի ռիսկ չլինի: Լեզվի, գրականության ուսուցչուհու գրկախառնության ժեստերը հեռակա են:

«Արցունքներս հազիվ եմ զսպում, որովհետև ոչ մի անգամ էսպիսի «անկրկնելի» վերջին զանգ չէինք ունեցել: Ուզում եմ, որ սա վերջին այսպիսի «անկրկնելի» վերջին զանգը լինի», - ասաց Սիլվա Սանթրոսյանը:

Շրջանավարտներից Մարիամը պատմում է՝ եթե սեպտեմբերի 1-ին էին գեղեցիկ միանման հագուստով, ավարտական օրերին ինչպես կպատրաստվեին՝ պատկերացրեք:

«Ոչ մի բանն էլ մեր սրտով չի, ոնց պլանավորել էինք, ոնց պատկերացնում էինք, տենց չեղավ», - ասաց շրջանավարտներից Ալիկ Հախվերդյանը:

Ալիկը միջոցառման հանդիսավարն էր լինելու՝ չեղավ: Դպրոցից հեռանում է, իսկ դպրոցի թանգարանում կմնա շրջանավարտի ձեռքով պատրաստած հին շենքի ճշգրիտ մակետը: Ալիկն ասում է՝ «պատրաստեցի, որովհետև թանգարանին պետք էր, ես էլ ընկույզի լավ փայտ ունեի», ճարտարապետ է դառնալու:

Ջարխեչ-Կույբիշև-Հաղարծին՝ գյուղի դպրոցը 115 տարեկան է, թանգարանի պատերին ժպտում կամ թախծում են հարյուր տարիների շրջանավարտները:

Դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանն արդեն 600 շրջանավարտի է ճանապարհել, այս տարվա ավարտական դասարանի աշակերտներն՝ ասում է, հատուկ էին, մեծ մասը բարձրագույն կրթություն կստանան, ափսոս հրաժեշտն անաղմուկ է։ Տարիներ շարունակ դպրոցի դահլիճում այս օրերին լրացուցիչ աթոռներ էին ավելացնում, ընտանիքներին տրվող հրավիրատոմսերն էլ սահմանափակ էին, որպեսզի շրջանավարտի ամենամտերիմ մարդիկ կարողանան ներկա լինել, հպարտանալ, ծիծաղել, հեկեկալ:

«Դահլիճը լցվում էր կյանքով, ծիծաղով, նաև հուզմունքով», - նշեց տնօրենը:

Հարազատ դպրոցի բեմը վերջին անգամ պատրաստվում էր զարդարել Արտյոմը: Վերածնունդ միջազգային փառատոնի վերջին տարիների առաջին մրցանակակիրն էլ Հաղարծինի շրջանավարտներից է՝ Կռունկից մինչև ուրախ պարեղանակ՝ կարող էր հիացնել:

Տոն չեղավ՝ անցավ գործնական ծրագրերին՝ Կոնսերվատորիայում սովորելու համար պետք է Երևանում ապրելու տեղ գտնի:

«Դե անվճարի բաժին եմ ես համարյա, շատ քչերն են ընդունվում, բայց դե էդ մնալու տեղն ա, որ պետք ա լուծեմ էլի», - ասաց Արտյոմ Բեգլարյանը:

Էլ ավելի գործնական պլանը սրտում է. - «Ընկերուհի, դե, հա [ունեմ]», - այս կարևոր ուղղությամբ դեռ աշխատում է:

Հաճախ ավարտական երեկոյի ժամանակ է վրա հասնում ամենադժվար էմոցիաները վերջապես խոստովանելու պահը։ Տղաներից շատերը կորցրած այս հնարավորությունը ծանր են տանում: Փոխարենը Վահեն Հախվերդյանն աշխույժ պատմում է, թե գյուղում դպրոցի էջը փակելու ինչ ավանդույթներ կային. «Միջոցառում են անում, գնացել են եկեղեցի, մոմ են վառել, գնացել են Դիլիջան՝ համերգ ա եղել, եկել են մի հատ քեֆ են արել»:

Ավարտական երեկոյի զգեստ գնե՞լ եք, հարցինք վկայականն ստացած ու տուն շտապող Մարիամին, ցավալի հարց է, պատասխանեց ու առանց ուրախության նշույլի բացում զգեստապահարանի դուռը. Մարիամը մտածել է, որ մի զգեստով ձանձրալի կլինի և պատրաստել է նաև երկրորդը, դրանցից ոչ մեկն էլ պետք չեկավ։

«Ոչինչ», - հուսադրում է մայրը:

Չեն կարող բացօթյա հավաքույթ էլ անել՝ Աղստևի ափերն ու երիցուկի դաշտերը դատարկ են։ Որոշել են՝ անպայման, մի օր, երբ վտանգն անցնի, հավաքվելու են՝ մանրամասն հիշեն, թե ինչպես վարակը ջրեց իրենց տոնը, որ այս մի անգամը պիտի պատահեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG