Մատչելիության հղումներ

Արվեստագետները դժգոհում են` անտեսվել են, կառավարության աջակցության որևէ ծրագրից չեն օգտվել


«Մենք չունենք կողմնակի եկամուտ, մենք վաստակում ենք մեր երաժշտությամբ, և հիմա ոչինչ չկա, անգամ եթե համեմատենք այլ բնագավառների հետ, որտեղ կարող է կրճատվել է, այդտեղ զրոյացել է»:

Կորոնավիրուսն էլ ավելի ընդգծեց, թե ինչ անտեսված ու մոռացված են ստեղծագործող մարդիկ Հայաստանում։ Մի քանի օր առաջ թառահար Միքայել Ոսկանյանը Ֆեյսբուքում ներկայացրել էր, թե ինչ տխուր, ընկճված վիճակում են արվեստագետները, որոնց եկամտի մեծ մասը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից, տարբեր մշակութային նախագծերից։ Մարտի 12-ից դրանք ամբողջությամբ դադարեցված են, երեք ամսվա ընթացքում էլ կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չեղավ մշակույթի և արվեստի անկախ գործիչների մասին։

Ֆեյսբուքյան գրառումը լայն տարածում ստացավ, արդյունքում արձագանք եղավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանից դեռևս զրույցի տեսքով, ելքերը դեռ փորձում են գտնել։

«Գլխավոր խնդիրը, ինչպես նշվում է, անկախ արվեստագետների իդենտիֆիկացիայի հարցն է, ազատ արվեստագետի տերմինը հաստատվի` ովքեր են, ովքեր կարող են համարվել, ովքեր` ոչ և այլն, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ ընթացք տրվեց»,- ասաց Միքայել Ոսկանյանը:

«Թառանտին», թառի ու կարանտինի զուգակցումից այսպիսի օնլայն համերգների շարք էր սկսել Ոսկանյանը, սակայն հիմա դրա համար էլ սիրտ չի մնացել.- «Չկարողացա երկար նույն բանով գնալ և հենց տենց էլ էլի ճնշվածություն զգացի ինձ համար, որ երկար չեմ կարող ամեն օր ուղղակի, ու գումարած, որ դու անում ես, հա սիրելով ես անում, բայց դա քո աշխատանքն է, ու այդ աշխատանքը ոչ մի կերպ չի վարձատրվում: Դա շատ կարևոր է: Եկեք, չամաչենք դա ասելուց, որովհետև, ժողովո՛ւրդ ջան, սա մեր աշխատանքն է, մենք չունենք կողմնակի բիզնես»:

Արվեստը մղվում է ամենավերջին պլան

Նանա Տերակոտա Մանուչարյանի խեցեգործության արվեստի դպրոցի դռները բաց են, բայց հաճախորդ չկա։ «Արվեստը մղվում է ամենավերջին պլան»,- սրտնեղում է նա ՝ պատմելով, որ այս երեք ամիսների ընթացքում կառավարությունն աջակցության որևէ մի ծրագիր չստեղծեց արվեստագետների համար.- «Ստուդիան արդեն 3 ամիս է` գործունեություն չունի: Մենք շատ ճկուն էինք, մենք շատ արագ անցանք օնլայն դասերի, բայց շատ լավ նաև հասկանում ենք, որ ոնց որ դա երկարատև չի, և մարդիկ չեն մնում, այսինքն` արվեստն այն ոլորտն է, որը միշտ առաջինն է դուրս գալիս: Դա մենք լավ գիտենք, հասկանում ենք, և մենք որևիցե աջակցություն չենք ստացել: Ես զուտ ինտուզիազմի հաշվին դա պահել եմ: Մենք ունենք նաև Վանաձորում մասնաճյուղ, որը կարող եք պատկերացնել` ինչ վատ վիճակում է: Մենք ունենք գույք, ես Վանաձորի համար ձեռք էի բերել մեծ վառարան, որը տենց էլ կանգնած է, նույնիսկ հոսանքին միացրած չի, որովհետև ոչ վառարանի գումարն եմ ամբողջությամբ վճարել, ոչ էլ տվյալ պահին իմաստ եմ գտնում նոր ներդրումներ անել, ենթադրենք նորոգման և այլն»:

Տարածքը վարձով է, ասում է՝ մի կերպ է պահում, եթե հանկարծ կորցնի, տասը տարվա աշխատանքը ջուրը կընկնի.- «Մանկավարժությունը և արվեստը մեր երկրում չի կարող լինել բիզնես, չի կարող, այսինքն` ծայրը ծայրին հասցնելով է եղել միշտ, ու այդպես է: Իմ մոտիկներն ասացին, որ հանձնի, մի արա, մի պահի տարածքները, բայց էտ ամեն ինչը ստեղծվել է, ոչ թե ես գումար ունեի, ու ինքը ստեղծվել է, այդ ամեն ինչը ես իմ ձեռքով, գիշերները չքնելով, ռեմոնտից, պլինտուզ խփելուց սկսած արել եմ ինքնուրույն: Գիտեմ, որ եթե ես իմ տարածքները չպահեմ, ես էլ երբեք իրենց չեմ կարողանալու ստեղծել: Համոզված եմ` ամեն դեպքում մի քանի տարի կպահանջվի, բայց հետո հարց է` ես կուզենամ, թե չէ, և ենթադրենք` եթե մենք չենք պահում մարդկանց ոլորտում, ենթադրենք` մշակույթի մարդկանց իրենց ոլորտում, հարց է` իրենք կմնան այդ ոլորտում, թե ոչ»:

«Բացակա պատկեր» ֆիլմը կորոնավիրուսի պատճառով միայն փակ դիտման ներկայացվեց

Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմի կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը հասցրեց միայն փակ դիտում կազմակերպել, կորոնավիրուսի պատճառով ֆիլմը ոչ հնարավոր է կոմերցիոն դաշտ հանել, ոչ էլ որևէ փառատոնի ներկայացնել։ Իսկ աշխատանքը տարիների, մեծ փողերի արդյունք է.- «Ֆիլմի ինչ-որ մաս պետությունն է մասնակցել, բայց գերակշռող մասը ֆիլմի ֆինանսավորման ընկերներ են և անձամբ ես, այսինքն` գումար է ծախսվել այս ֆիլմի վրա: Րոպեին, երբ դու անում ես, դու մտածում ես ապագայի մասին, այսինքն` հետո ինչ կլինի, բայց այնպես ստացվեց, որ այս կորոնավիրուսը մեզ բոլորիս գցել է այն մարդկանց արտադրող ստուդիաները, որոնք հազիվ կարողանում են շնչել, ոչ թե ապրել, որովհետև մարդիկ, որոնք հավատարիմ են այդ գործին, ուրիշ բանով էլ չեն զբաղվում: Ես որևիցե այլ բիզնես, որևիցե այլ աշխատանք չեմ անում, չեմ զբաղվում: Սա է մեր կռվի դաշտը, և հավատարիմ ես: Իմ նմանները շատ են, և բոլորն էլ այսօր ծանր վիճակում են հայտնվել:

Արվեստագետների թևերը պարզապես կտրված են, մարդկանց հետ պետք է խոսել արվեստի, կինոյի լեզվով, ասում է ռեժիսորը՝ վստահ լինելով՝ մի պատկերը, մի խոսքը, մի հնչյունը շատ ավելի արագ է տեղ հասնում, քան հազարավոր քաղաքական ելույթներ։ Աշխարհում վիճակը վատ է, բոլորը դա հասկանում են, սակայն համեմատականներ տանելով եվրոպական, մասնավորապես գերմանական փորձի հետ՝ ռեժիսորն ընդգծում է՝ այնտեղ արվեստագետին գնահատել գիտեն, մինչդեռ մեզ մոտ դա ամենավերջին տեղում է.- «Բոլոր տուպիկային վիճակներից ֆանտաստներն ու ստեղծագործողներն են երկիրը հանել: Եթե դու կաս, դու կաս քո լեզվով, քո մշակույթով, իսկ եթե ուզում ես նստել, հավասարը հավասարի աշխարհի հետ խոսել, դու պիտի ներկայացնես քո մշակույթը, քո արվեստը, ուրիշ ճանապարհ մեզ լուրջ վերաբերվելու մենք չունենք, չի տեղի ունենում, չի կայանում, որովհետև մենք ուշադիր չենք ոչ մշակույթին, ոչ էլ արվեստին»:

XS
SM
MD
LG