Մատչելիության հղումներ

Անցյալի խախտումներին քաղաքական գնահատական տալու համար իշխանությունն առաջարկում է ստեղծել Փաստահավաք հանձնաժողով


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

Անցյալի խախտումներին քաղաքական գնահատական տալու վերջնական որոշումը իշխանությունը կկայացնի Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ ու եզրափակիչ զեկույցների հրապարակումից հետո, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամիսներ շարունակ քննադատվում է, թե հեղափոխությունը եղավ, իսկ նախորդների գործունեությանն այդպես էլ քաղաքական գնահատական չհնչեց։

Հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի անկախացումից՝ 1991-ից մինչև 2018-ի ապրիլը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը. Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հարթակում երկու օր է հրապարակել է մի նոր մարմնի՝ Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը: Իշխանությունն այն դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը:

«Անչափ կարևորում ենք սա, որ չեզոք հանձնաժողովը այդ փաստերը վերհանի և ներկայացնի թե՛ հանրությանը և թե՛ Կառավարությանը և Ազգային ժողովին, և դրա հիման վրա է, որ արդեն վերջնական որոշում կկայացվի, որ բավարար, հիմնավոր և ծանրակշիռ փաստեր հավաքագրելու դեպքում արդեն Ազգային ժողովը ցույց տա, ասի՝ «ըհը, խնդրեմ, սա է եղել մեր անցյալի պատկերը, որը մենք այս պահին ընդունում ենք, ներողություն ենք խնդրում հանրությունից, որ ստիպված են եղել անցնել այս ամենի միջով, և մեր հստակ ուղերձն ենք հղում հանրությանը, որ այլևս երբեք դա չի կրկնվի», - ասաց Ջուլհակյանը:

Ուսումնասիրության առարկա, ըստ նախագծի, կդառնան ընտրություններն ու հանրաքվերը կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, ունեզրկման դեպքերը, այդ թվում՝ հանրության գերակա շահի անվան տակ կազմակերպված: Նաև՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։

Սեփականությունից ապօրինի զրկելու դեպքերով կորոշվի տուժողների շրջանակը, նաև պետության գործողությունները, ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց արդարադատության նախարարը։ «Որը կարող է լինել թե՛ ֆինանսական փոխհատուցումների տեսքով, որը կարող է լինել թե՛ պետության կողմից ներողություն խնդրելու եղանակով և այլ եղանակներով», - ասաց Ռուստամ Բադասյանը:

Ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում վարչապետ Փաշինյանը մի հռչակագրի նախագիծ էր հրապարակել, որում նշվում էր՝ բացառությամբ՝ 1999-ի խորհրդարանականի, 1995-ից սկսած մինչև 2018 թվականը Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։

Ազգային արխիվի տնօրենն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենց մոտ պահպանվել են միայն 2017-ից հետո տեղի ունեցած ընտրությունների քվեաթերթիկները, մյուս տարիներինը ոչնչացված են:

Ինչպե՞ս է ընտրակեղծարարությունն ապացուցվելու։ «Երբ մենք խոսում ենք ընտրությունների կեղծման մասին, մենք գործ ունենք մարդկանց հետ, ում մեկին աշխատանքից են հեռացրել, էն մյուսին փող են առաջարկել, էն մյուսին այլ ձևով են ստիպել կատարել իրենց որոշումները: Էդ մարդիկ կան, էդ մարդիկ բարեբախտաբար ողջ են և էդ մարդիկ կարող են խոսել», - նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

Իշխանությունը խախտումների ուսումնասիրությունը Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից է որոշել սկսել: Առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն այս պահին գնահատականներ չի հնչեցնում, Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց՝ կնայեն, կարձագանքեն:

20 տարի իշխանության եղած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը Փաստահավաք հանձնաժողովի գործունեության արդյունքում մթնոլորտի շիկացում է կանխատեսում, անցյալը փորփրելը սխալ է համարում:

«Իհարկե պետք է վերհանել խնդիրները, դասեր քաղել, բայց մթնոլորտը էնպիսին ձևավորել ու անընդհատ հետ նայել՝ ինչ-որ մեղավորներ փնտրելով, չես կարող առաջ գնալ: Եթե 95-96 թվին, երբ որ ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը հաղթել է, ի՞նչ են անելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կախելու են, դատելու են, ի՞նչ են անելու, իմաստը ո՞րն է», - հայտարարեց Սահակյանը:

«Նույնը 2008-ի մասին էին խոսում», - «Ազատության» այս դիտարկմանը հանրապետական նախկին պատգամավորը հակադարձեց. - «Դուք անընդհատ հիմա տանում եք 2008, ես ասում եմ 96: 2008-ին են եղել խնդիրները, մարդու իրավունքների ոտնահարում՝ 2008-ին թող լինի, 17-ին թող լինի, 18-ի ընտրություններին լինի, ապագա ընտրություններին, հա՞, դա ի՞նչ է տալու մեզ»:

Փաստահավաք խմբին պատժիչ գործողությունների լիազորություն տրված չէ՝ փաստեր է հավաքագրելու, տեղեկություններ ուսումնասիրի, ընդհուպ՝ պետական գաղտնիք պարունակողները կարող է։ Կարող է հանցագործության մասին հաղորդում տալ իրավապահներին՝ հընթացս, ոչ թե աշխատանքների վերջում։ Իսկ եզրափակիչ զեկույցում բացահայտումները նկարագրելուց բացի, պետք է անի խախտումներից տուժածների իրավունքների վերականգման, նաև՝ փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ:

Նախագծով հանձնաժողովը պետք է ձևավորված լինի 2021-ի սկզբին, գործողության ժամկետը երկու տարի է, խիստ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

«Ուզում ենք հասնել նպատակին, այսինքն՝ հաշտեցման նպատակին, հասարակությունը նախկին բացասական, արատավոր երևույթներից ապագայում զերծ պահելու գաղափարին», - խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարարը:

Իշխանությունը պնդում է՝ հանձնաժողովականների անաչառությունն են հատկապես կարևորում:

XS
SM
MD
LG