Դեռ անցյալ տարվանից newmag հրատարակչությունը մի հրաշալի գործի ձեռնամուխ եղավ՝ մինչև 2024 թվականը, երբ կլրանա աշխարհահռչակ մեր հայրենակից Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանը, նրա ծննդյան և մահվան օրերը նշանավորել նրա 9 ինքնակենսագրական գրքերից մեկի հայերեն թարգմանության լույս ընծայմամբ:
Ճիշտ մեկ տարի առաջ newmag-ը հրատարակեց «Կյանքից կառչած» խորագրով գիրքը` Համլետ Գասպարյանի թարգմանությամբ, ապա 2019 թվականի աշնանը հրատարակեց Ազնավուրի «Մեղմ Շշուկով» խորագրով գիրքը` Սամվել Գասպարյանի թարգմանությամբ, և ահա այս տարի երգչի ծննդյան օրը՝ մայիսի 22-ը, նշանավորվեց «Վերջին Դուռը» խորագրով գրքի հրատարակությամբ՝ Համլետ Գասպարյանի թարգմանությամբ:
Գալիք աշնանը կհրատարակվի արդեն հաջորդ գիրքը, որը թարգմանում է Սամվել Գասպարյանը: Նա նաև օրերս լույս տեսած «Վերջին դուռը» գրքի խմբագիրն է և այսօր ներկայացնելով գիրքը` շեշտում էր, որ ինքն էլ այս պահին թարգմանում է Ազնավուրի հաջորդ «Քանի դեռ սիրտս բաբախում է» խորագրով գիրքը, որը լույս կտեսնի այս տարի հոկտեմբեր ամսին՝ Ազնավուրի մահվան տարելիցի կապակցությամբ:
«newmag հրատարակչությունը շատ լավ բան է անում. նրանք ուզում են 100-ամյակին հասցնել լրիվ 9 գրքերը: Տասը գիրքը կլինի, վերջին գիրքը կլինի Շառլի երգերի ծավալուն հատորյակը, մոտավորապես 500-600 երբ կընդգրկվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սամվել Գասպարյանը:
Գասպարյանը, ով առաջինն է հայերեն թարգմանել ու հրատարակել Ազնավուրի բանաստեղծությունները, ասաց. – «Ես Շառլից հինգ գիրք եմ հրատարակել: Առաջինը 1991 թվականին, որը ինքը թույլ տվեց: Երբ եկել էր 1988 թվականին, ես խոսեցի հետը, ինքը ասեց, որ համաձայն է: Շատ ուրախացավ այդ գրքի համար: Բոլոր գրքերով էլ ուրախացել է, և շատ լավ էր ընդունում: Հպարտանում էր: Հիմա newmag-ը շատ լավ գործ է անում: Ես հրատարակել եմ երգերը միայն: Ինքը այդ բոլոր գրքերում, Շառլ Ազնավուրն է` մեծ մարդ, էդպիսի կյանք, էդպիսի շրջապատ, ինչ էլ իմաստուն մտքեր են: Իսկապես դասեր են»:
Սամվել Գասպարյանն ասաց, որ հրատարակվելիք 9 գրքերի մեջ մեկն ինքնակենսագրական չէ, նովելներ են. – «Սա արդեն իսկապես գրողական գործ է, կոչվում է «Իմ հայրը, այդ հսկան»: Բայց կապ չունի իր հոր հետ, գեղարվեստական գործեր են բոլորը: Ես ասում եմ` եթե Շառլը երգիչ չդառնար, հաստատ գրող կդառնար, լավ գրող կդառնար: Եվ եթե գրող չդառնար, ինքը հաստատ նկարիչ կդառնար: Եթե լավ նկարիչ չդառնար, կինոռեժիսոր կդառնար:Նա այդպիսի մարդ էր»:
Գասպարյանը խոսեց նաև Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով կոչելու մասին` ասելով. – «Օդանավակայանը Երևանի պիտի կոչվի Շառլի անունով: Եթե Երևանը հարմար չեն գտնում... որովհետև ես գիտեմ ով չի ուզում, ինչու չեն ուզում, էդ մասին չեմ ուզում խոսել: Եթե հարմար չեն գտնում, թող դնեն Գյումրիի օդանավակայանը»: