Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատմության մեջ առաջին անգամ անդամ երկրների արտգործնախարարների հավաքն անցավ տեսակապի ձևաչափով:

ՀԱՊԿ-ում այս տարի նախագահում է Ռուսաստանը, և, բացելով հավաքը, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը խոսեց կորոնավիրուսի համաճարակի և դրա դեմ պայքարում կազմակերպության ներուժի օգտագործման անհրաժեշտության մասին` անդրադառնալով նաև կենսաբանական լաբորատորիաների հարցին:

Իր խոսքում Լավրովը հիշատակեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը և Մեծ հաղթանակը ՀԱՊԿ շրջանակում նշելու միջոցառումները և այս կապակցությամբ ընդհանուր հայտարարությունը:

Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերին. – «Հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի մեծացման խնդիրը: Այսօր մենք կշարուկենք քննարկել կազմակերպչական հարցերն ու իրավական դաշտի կատարելագործման ուղիները: Հուսով եմ, որ դա թույլ կտա ՀԱՊԿ ստորաբաժանումներին մասնակցել ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին»:

Անդրադառնալով կենսաբանական լաբորատորիաներին` Լավրովն առաջարկեց քննարկել, մասնավորապես, անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին պաշտոնական Մոսկվան պարբերաբար բարձրաձայնում է հետխորհրդային տարածքում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցը:

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում պարբերաբար բարձրաձայնվում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը, հատկապես, երբ կազմակերպությունը որևէ հայտարարություն չի անում Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքների կապակցությամբ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ռուսաստանյան «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով ՀԱՊԿ-ի մասին հարցին, ասել է. – «Հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում կենսական նշանակություն ունի մեզ համար: Կարծում եմ, մենք հավասարապես շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններն է'լ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում, որպեսզի ճիշտ ժամանակին արդյունավետ պատասխանենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Հավաքի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսին Սերգել Լավրովն նշել է, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ կարող են ստանալ ոչ միայն երրորդ երկրներ, այլև կազմակերպություններ: ՀԱՊԿ-ն այսօր սերտորեն համագործակցում է Շանհայան կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության հետ, և չի բացառում, որ այս երկու կազմակերպությունները մոտ ապագայում ՀԱՊԿ-ում ունենան դիտորդի կարգավիճակ: Այդ կազմակերպություններից պաշտոնական դիմումներ, ըստ Լավրովի, առայժմ չեն ստացվել:

Նշենք, որ այդ կազմակերպությունների գործադիր ղեկավարներն այսօր մասնակցել են ՀԱՊԿ արտգործնախարարների հեռավար հավաքին:

Լավրովը նաև շեշտել է, որ դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումը պետք է կայացվի ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությամբ, կոնսենսուսով:

Ադրբեջանը, հիշեցնենք, ԱՊՀ անդամ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG