Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հանդիպել է Միքայել Մինասյանին


Այսօր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Մուտք գործելիս նա «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ ինքն այստեղ է հրավիրվել Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված:

Ի պատասխան «Ազատության» հարցին` Վանեցյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքը հանդիպել է Միքայել Մինասյանին:

«Ես կարող եմ ասել միայն մի բան, որ ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Վատիկանում նախկին դեսպանը մոտ 4 շաբաթ առաջ հրապարակած տեսանյութում հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած ժամանակ հանդիպում է ունեցել իր հետ` որպես Նիկոլ Փաշինյանի սուրհանդակ, և ըստ Մինասյանի, Փաշինյանը Վանեցյանի միջոցով առաջարկել է իրեն սիմվոլիկ գումար վճարել պետությանը, դուրս գալ քաղաքական դաշտից ու որոշ ժամանակ Հայաստան չվերադառնալ, բացի այդ, իր հետ առնչվող անհատներին հրահանգել, որ դադարեն Փաշինյանի դեմ պայքարել։ Միքայել Միանսյանի պնդմամբ՝ ինքը մերժել է այդ առաջարկը։

Արդեն ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հարցին, թե ինքը նման առաջարկ, ինչի մասին Մինասյանը հայտարարել է, արել է, Արթուր Վանեցյանը պատասխանեց.- «Այդ հայտարարության հետ կապված բոլորդ գիտեք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն, և ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով` ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այդ գործի հետ կապված: Ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում, ես չեմ մեկնաբանում»:

Ինչ վերաբերում է իր կողմից ավելի վաղ արված հայտարարությանը, թե Միքայել Մինասյանը իր համար «մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև», արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Մինասյանը քրեական հանցանքներ է կատարել, ԱԱԾ նախկին տնօրենը նկատեց.- «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ առհասարակ ցանկացած անձի մեղավորությունը, և դատարանը կճանաչի նրան մեղավոր, ուրեմն այդ մարդը մեղավոր է»:

Դիտարկմանը, որ ինքը տևական ժամանակ ԱԱԾ տնօրեն է եղել, կա՞ն հանգամանքներ, որոնք ենթադրություն են տալիս, որ Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, նա արձագանքեց.- «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները երբեք չեմ հրապարակելու»:

Ի դեպ, Արթուր Վանեցյանի մեքենան ռուսական պետհարամանիշով էր: «Ազատության» դիտարկմանը, թե ռուսական պետհամարանիշով մեքենայում է շրջում, նա պատասխանեց, թե այդ մեքենան գնվել է Ռուսաստանից, և պետհամարանիշը չի փոխվել, քանի որ կորոնավիրուսի համավաճարկը չի թույլ տալիս, և հիմա հարմար չի դրանով զբաղվել, հավելեց` որևէ քաղաքական մեսիջ չկա:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ իր և Միքայել Մինասյանի` վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունները միաժամանակ արվեցին, նա պատասխանեց.- «Վարչապետի հրաժարականի մասին, եթե ուշադիր հետևել եք իմ հարցազրույցներին, առաջինը խոսել եմ ես դեռևս հունվար ամսին, և հիմա երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 7-ին ևս Վանեցյանը հրավիրվել էր ՀՔԾ` Միքայել Մինասյանի հայտարարության կապակցությամբ:

XS
SM
MD
LG