Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնանկ անելու իշխանության ծրագիրը փոխվել է՝ նոր նախագիծ են պատրաստել, որով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր:
Թեմայի շուրջ «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի հետ զրուցել է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Վլադիմիր Վարդանյան. - Անընդունելի են զիջումները և փոխզիջումները, եթե խոսքը վերաբերում է անկախ դատական համակարգի ձևավորմանը կամ այսպես կոչված ապաքաղաքականացված իշխանության ձևավորմանը: Ոչ, պարզապես որոշակի մեթոդաբանական փոփոխություններ են:
Տեսեք՝ այն, թե արդյո՞ք քաղաքացիները ցանկանում էին տեսնել այն Սահմանադրական դատարանը, որը կար, արդյո՞ք քաղաքացիները պատրաստ էին ընդունել այն Սահմանադրական դատարանը, որը առկա է, և չէին ցանկանում մոտ բերել այդ ժամկետները, որը նախատեսված է Սահմանադրության մեջ՝ սա մի մոտեցում է:
Երկրորդ մոտեցումը, որը կիրառվում է այսօր, բացարձակապես կապված չէ փոխզիջման հետ, բացարձակապես՝ այն իրենից ներկայացնում է Սահմանադրության մեջ ամրագրված տրամաբանության իրացում, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ 12 տարի և վերջ, մեկ մանդատ 12-ամյա, դրանից հետո անձը դադարում է պաշտոնավորել որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Սա այդ եվրոպական ընդհանուր չափորոշիչների, եվրոպական ընդհանուր մոտեցումների կոնտեքստում է: