Մատչելիության հղումներ

Թուրքիայում ապրող մի շարք հայաստանցիներ կորցրել են աշխատանքը և որոշել են վերադառնալ Հայաստան


Արտագնա աշխատանքի նպատակով Թուրքիայում հաստատված մի շարք հայաստանցիներ կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ճգնաժամի պատճառով կորցրել են աշխատանքը և որոշել են Հայաստան վերադառնալ:

Մեկ ամիս առաջ շուրջ 70 հայաստանցիներ Վրաստանի տարածքով արդեն մեկնել են Հայաստան: Հայրենակիցների վերադարձը նախաձեռնած Գագիկ Մուշեղյանը «Ազատությանը» պատմեց, որ առաջին ուղևորափոխադրումից հետո կրկին պահանջ առաջացավ և մեկնողների թիվը այս անգամ ավելի շատ է:

ՀՀ քաղաքացիների տեղափոխումը հնարավոր է դարձել Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների, ինչպես նաև Վրաստանի համապատասխան կառույցների փոխգործակցության շնորհիվ: Հայկական կողմը հոգացել է ճանապարհածախսը:

«Առաջին անգամ ցուցակագրվել էր 100-ից ավելի մարդ, բայց մեկնեց 76-ը, իսկ այս անգամ 200-ից ավելի էին ցուցակագրել, փաստացի հիմա ունենք 195 մարդու անուն: Իմ կարծիքով՝ ավելի կպակասի, որովհետև որոշ դրդապատճառներով մարդիկ կան, որ հրաժարվեցին՝ մարդիկ կան աշխատավարձ չեն ստացել, մարդիկ կան նորից աշխատեցին, այնպես որ վերջնական քանակն ուղևորների չգիտենք: Մեկնելու է յոթ ավտոբուս Թուրքիայից, քանի որ դեռ կարանտինի ռեժիմը հանված չէ, և ամեն նստատեղին մեկ ուղևոր է նստում: Վրաստանում դիմավորելու են հայկական չորս ավտոբուսներ, այս յոթ ավտոբուսների ուղևորներն արդեն նորմալ նստելու են ավտոբուսների մեջ, ամեն նստատեղին` երկու ուղևոր, մինչև իրենց տները՝ ինքնամեկուսացման», - ասաց Գագիկ Մուշեղյանը:

Նախօրեին Ստամբուլի ավտոկայանը մարդաշատ էր, Հայաստան մեկնող ավտոբուսի ուղևորները սպասման մեջ էին՝ ոմանք ճամպրուկներով էին, մյուսներն էլ եկել էին ճանապարհելու ընկերներին ու հարազատներին:

Երեք երեխաների հետ Հայաստան վերադարձող Արփինեն ուրախ է, որ շուտով հայրենիքում կլինի: «13 տարի է Թուրքիայում էինք բնակվում, համաճարակի պատճառով որոշեցինք գնալ: Չնայած որոշել էինք երկու տարի հետո ընդմիշտ գնալ, բայց համաճարակն ավելի արագացրեց մեր գնալու նպատակը: Շատ ուրախ ենք, որ գնում ենք: Երեխաները դպրոցական են, փոքրս առաջին դասարան պետք է գնա, մեծ աղջիկս՝ 7-րդ դասարան, տղաս՝ 5-րդ», - նշեց նա:

Շուրջ 7 տարի մայրիկի հետ Թուրքիայում ապրած Գևորգը այս տարի հիմնական դպրոցն է ավարտում: Ասում է՝ Հայաստան մեկնում է վկայական ստանալու և ուսումը շարունակելու հույսով: «Սովորում եմ Հրանտ Դինքի անվան վարժարանում, 9-րդ դասարանի ավարտական աշակերտ եմ: Գնալու եմ Հայաստան, որ ատեստատս ստանամ, այս արտակարգ դրության պատճառով մի քիչ ուշանում է մեր գնալը, հույս ունենք` մեզ մեր ատեստատը կտան, և հույս ունենք` այնտեղ կարող ենք մեր ուսումը շարունակել: Շատ ուրախ եմ, արդեն չեմ դիմանում, չգիտեմ՝ երբ են շարժվելու, ուզում եմ «մի ոտ շուտ հասնել այնտեղ», ոնց որ ասվում է», - ասաց Գևորգը:

Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների թվի մասին հստակ վիճակագրական տվյալներ չկան։ Անցած տարի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիայում 100 հազար հայ կա, նրանցից 60 հազարը քաղաքացիություն ունի, 40 հազարը անօրինական է ապրում։

Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից ի վեր։

XS
SM
MD
LG