Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, արդեն 13 տարի ՀՀ-ում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը ավելի քան 40 տարի նվիրել է հայ-սերբական գրական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, որի համար 2015 թվականին պարգևատրվել է Սերբիայի Հանրապետության Ոսկե մեդալով:
Նա թարգմանաբար տարբեր ժողովածուներով հայ ընթերցողին է ներկայացրել սերբական պոեզիան և հայ պոզիան՝ սերբերին: Թարգմանական բնագավառում ձեռք բերած վաստակի համար 2010 թվականին Թարգմանչաց տոնին պարգևատրվել է «Կանթեղ» մրցանակով:
Ավելի քան մեկ տասնյակ բանաստեղծական, թարգմանական, ուղեգրական և հրապարակախոսական ժողովածուների հեղինակ Բաբկեն Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրության այս օրերին, ինչպես և բազմաթիվ այլ մտավորականներ, ինքն էլ բավական արդյունավետ
գրական, թարգմանչական աշխատանք է կատարել:
«Մտավորականների գործը ավելի շատ տան հետ է կապված, տանն են աշխատում։ Չնայած մտավորականը պետք է նաև դուրս գա, շփվի մարդկանց հետ։ Իմ պարագայում եթե ասեմ, ես շարունակելու եմ իմ ազգանվեր առաքելությունը՝ իմ հյուպատոսական գործունեությունը։ Ես թարգմանել եմ այդ ընթացում, իհարկե տանից դուրս չեմ եկել։ Ես չեմ կարող առանց մարդկանց հետ շփվելու ապրել։ Մարդը ինձ համար ամենաթանկ կապիտալն է։ Ես մարդկանց հետ շփվում եմ, մարդկանց հետ հարցեր եմ քննարկում, գրական, մշակութային ծրագրեր եմ իրականացնում։ Ինձ համար շատ ծանր էր, իհարկե, տանից դուրս չգալը, բաց ես ուղին գտա։ Կապս հաստատել եմ Սերբիայի հետ, սերբ գրողների հետ, իմ լավ բարեկամներ, գրչընկերների հետ։ Եվ պետք է ասեմ, որ այս ընթացքում մենք բավականին հետաքրքիր ծրագրեր ենք մշակել։ Եվ բավականին արդյունավետ է եղել մեր համագործակցությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․