Մայիսի 3-ին մամուլում հրապարակված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007թ.-ի նոյեմբերին Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար:
Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, հիշյալ ընկերությունը 2008-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ.-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը` ընկերությանը փաստացի զրկելով վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թվականների ընթացքում կրել 1 միլիարդ 938 միլիոն 798 հազար 136 դրամի վնաս:
Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Քրեական գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար:
Նշենք, որ օգտատեր Մանվել Տեր-Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում մոտ 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը «կնոջ հայրիկի աջակցությամբ 500 հազար դոլարանոց սրճարանը ձեռքից խլել է»:
Միքայել Մինասյանը 2007- 2008թթ. զբաղեցրել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնը, իսկ 2008- 2012թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է եղել: