Մատչելիության հղումներ

Կառավարությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը


Կառավարությունն այսօր հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության երեք ծրագրերը։

Դրանց իրականացման համար 2020-ի բյուջեից ավելի քան 526 միլիոն դրամ կհատկացվի։ Գործադիրն նպատակ ունի նաև այսպես խթաթնել ծնելիության աճը։

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն կդրամադրվի մարզերում վարկով բնակարան գնող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Պետությունը նրանց կաջակցի կանխավճարի ֆինանսավորման հարցում։

«Այս դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական առավելագույն գինը պետք է լինի 30 միլիոն դրամ, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ երեխայի դեպքում, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ 5 միլիոն դրամի չափով։ Այսինքն՝ կանխավճարը էս ձևով է հաշվարկվում», - պարզաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նրան․ - «Այսինքն, կներեք, եթե մարդը տուն ա առնում հիպոթեքային վարկով և ունի երկու երեխա, մենք կանխավճարի համար 10 միլիոն դրա՞մ ենք տալիս»։

Նախարարն արձագանքեց․ - «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է, և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 7, 5 տոոկսը»։

Միանվագ դրամական աջակցությունը կկազմի գնվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան․ - «Ավելանում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի կրկին 5 տոկոսի չափով, բայց այս անգամ արդեն ոչ ավել, քան 500 հազար դրամը։ Եվ էս ընդհանուր փաթեթը երրորդ կոմպոնենտի երկու միլիոն դրամից ավել չի լինելու»։

Առնվազն մեկ երեխա ունեցող ու պետությունից հիփոթեքով բնակարան ձեռք բերել ցանկացող ընտանիքներն էլ կարող են երկրորդ ծրագրից օգտվել։ Պետությունը կփոխհատուցի պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսը, սակայն այն պետք է չգերազանցի 180 հազար դրամը։ Բնակարանները պետք է ձեռք բերվեն հուլիսի 1-ից հետո։

«Ստեղ նրբություն կա․ եթե մի երեխա ունի, իր համար բնակարանի չափանիշը ուրիշ է, եթե երկու երեխա ունի՝ ուրիշ է, եթե չորսը կամ հինգը ունի՝ բոլորովին ուրիշ է։ Եվ մենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձգտել ապարտամենտներում ապրել, որովհետև ինչքան երեխաների թիվը մեծ ա, էնքան բնակարանի և դրա աջակցության ծավալները ավելի մեծ կլինեն», - մանրամասնեց վարչապետ Փաշինյանը։

Գործող հիփոթեք ունեցող ընտանիքներն էլ հուլիսի 1-ին կամ դրանից հետո երեխա ունենալու դեպքում կօգտվեն արդեն երրորդ ծրագրից։ Պետությունը կմարի նրանց վարկի գումարը, եթե ընտանիքն առնվազն 12 ամիս մարում են իրականացրել։ Աջակցության չափը կարող է կազմել վարկի մայր գումարի 10-ը տոկոսի չափով, եթե շահառուն մարզում է բնակարան ձեռք բերում, Երևան պարագայում՝ 5 տոկոս է դրամական աջակցության չափը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Արդեն երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցության չափը կավելանա, անգամ որոշ դեպքերում հասնելով մինչև 70 տոկոսի։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագրերից 1000-ից ավելի քաղաքացի կօգտվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG