Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել են, կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը», - այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Առողջապահության նախարարությունում նույնպես կորոնավիրուսի վարակի դեպքեր են հաստատվել, և նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է, առավոտյան թեստ է հանձնել ու սպասում է պատասխանի: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գերատեսչության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Քիչ ավելի ուշ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը «Ազատությանը» հայտնեց, որ Պապիկյանի թեստի արդյունքը բացասական է: