Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել վերաքննիչ դատարանի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը։
2019-ին օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքները։ Ըստ Քնար Մանուկյանի՝ նախաքննական մարմինն իրեն հրավիրում էր հարցաքննությունների, նպատակը մեկն էր՝ բացահայտել աղբյուրը, թե ով է նրան փոխանցել այդ ցուցմունքները։ Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչը Մանուկյանին ասել է, որ դիմել է դատարան՝ լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու համար, որը դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր։
Լրագրողը հրաժարվել է բացահայտել աղբյուրը. «Պատրաստ եմ գնալ ամենախիստ պատժամիջոցի, ընդհուպ կալանավորման, բայց երբեք աղբյուրի բացահայտում չի լինի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ով իր իրավունքները պաշտպանելու համար դատարանի այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչում, որն էլ բավարարել էր բողոքը։ Հենց այս որոշման դեմ էլ գլխավոր դատախազությունը փետրվարին Վճռաբեկ բողոք էր ներկայացրել։
Օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սա բոլոր լրագրողների հաղթանակն է.- «Մեզ համար խնդիր էր դրված ապացուցել, որ ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն, ինչը մենք դատարանում կարողացանք ապացուցել։ Ներկայիս իշխանությունները պետք է և՛ գլխավոր դատախազի, և՛ ՀՔԾ պետի այս գործողություններին համապատասխան գնահատական տան։ Մեր խնդիրն էր ապացուցել, որ մեր գործով թույլ են տվել ապօրինություն. փորձել են գաղտնալսել լրագրողին, հեռախոսազրույցները վերծանել, այլ ճանապարհով փորձել ամեն ինչ անել՝ լրագրողների աղբյուրը բացահայտելու համար։ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները ցույց տվեցին, որ այո, ՀՔԾ-ն և գլխավոր դատախազությունը թույլ են տվել ապօրինություն»։