Անցած տարի աշնանը Անկախության տոնի կապակցությամբ անվանի գեղանկարիչ, 1994 թվականից Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար շնորհվեց ՀՀ ժողովրդական գեղանկարչի կոչում:
Նույն ժամանակահատվածում նա երկու անհատական ցուցահանդես բացեց՝ այսպիսով համալրելով իր մեկ տասյակից ավելի անհատականների շարքը:
Այսօր «Ազատության» զրույցում խոսելով իր և բազմաթիվ այլ գեղանկարիչների մասին՝ Արամ Իսաբեկյանը շեշտում էր, որ, իր խորին համոզմամբ, հետհամավարակային շրջանում գեղանկարիչները մեր հանրությանը կներկայանան բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով, որտեղ տեղ կգտնեն արտակարգ դրության ժամանակահատվածում ծնունդ առած ստեղծագործությունները:
«Արվեստագետի համար ինքնամեկուսացման մեջ ստեղծագործելուց բացի այլ բան չի մնում անելու», -
ասաց նա։
Նա անդրադարձավ նաև Գեղարվեստի ակադեմիայում այս ժամանակահատվածում տեղի ունեցող հեռավար դասընթացներին և դրանց հաջորդելիք
քննություններին․ - «Շատ բարդ է մեզ համար այս իրավիճակը, որովհետև մասնագիտական բուհ է, ընդհանրապես արվեստի բուհերի համար շատ դժվար է։ Երևի միակ բացառությունը արվեստաբանական բաժինն է, որ ավելի դյուրին է անցկացնել բոլոր քննությունները։ Արդեն նախապատրաստվել ենք, ուզենք-չուզենք, պետք է հարմարվենք․ և՛ կիսամյակային քննությունները, և՛ դիպլոմների պաշտպանությունները, և՛ ընդունելության քննությունները արդեն որոշված է, որ պետք է առցանց անենք։ Բայց ընդունելության քննությունների ժամանակ մեկ քննություն կլինի, որը փոքր խմբերով արդեն ակադեմիայում կանենք՝ անվտանգության կանոնները պահպանելով»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․