Մատչելիության հղումներ

Վարակակիրների թվով Ռուսաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Անցած շաբաթ վարակը հաստատվել էր վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Նա նույնպես հիվանդանոցում է, նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Շուրջ մեկուկես ամիս է ինքնամեկուսացած է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով բոլոր խորհրդակցություններն ու հանդիպումներն անցկացնում է տեսակապի միջոցով։

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվով, ըստ հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների, Ռուսաստանն այսօր աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Միացյալ Նահանգներից հետո՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից։

Անցած մեկ օրում վարակման 10 հազար 899 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է 3 հազար 711, մահացել՝ 107 մարդ։ Հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 232 հազար 243-ի, ընդհանուր մահերի թիվը՝ 2 հազար 116-ի։

Financial Times-ի տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունը կարող է 70 տոկոսով ավելի բարձր լինել պաշտոնական տվյալներից։

Ամեն դեպքում, և՛ Ռուսաստանի իշխանությունները, և՛ մասնագետները շեշտում են, որ համաճարակի տարածումը երկրում դեռ չի հասել գագաթնակետին, ինչը մասին վկայում են վերջին երկու շաբաթների պաշտոնական թվերը։

Այս պայմաններում իշխանությունները չեղարկում են արձակուրդները։ Նախօրեին նախագահ Պուտինը չի երկարաձգել երկրում գործող «ոչ աշխատանքային օրերի» ռեժիմը։ Ընդ որում, կարանտինից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցի մասին որոշումները պետք է ընդունեն տեղական իշխանությունները։

Պուտինի այս որոշումը հայտնվել է ռուսաստանցի որոշ փորձագետների քննադատության թիրախում, որոնք հայտարարում են, թե «ինքնամեկուսացած նախագահը նորից խուսափում է պատասխանատվությունից»։

«Ոչ աշխատանքային օրերի» համառուսաստանյան ռեժիմը այսօրվանից չի երկարաձգվել․ բայց դա ամենևին չի նշանակում, որ հանվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները և բոլոր ռուսաստանցիները դուրս են եկել աշխատանքի։ Հակառակը, կան շրջաններ, որտեղ այսօրվանից ավելի է խստացվել կարանտինային ռեժիմը։ Խոսքը, մասնավորապես, Մոսկվայի մասին է, որտեղ այսօրվանից հասարակական վայրերում պարտադիր են դիմակներն ու ձեռնոցները, այլապես մարդկանց սպառնում է չորս հազար ռուբլու չափով տուգանք։

Նշենք, որ Ռուսաստանում դիմակներն ու ձեռնոցներն անվճար չեն բաժանվում, դրանք հարկավոր է գնել։ Մինչդեռ, օչինակ, մայրաքաղաքի դեղատներում ձեռնոցներ չկան։

Ռուսաստանի կառավարության կարծիքով, երկրի 11 տարածաշրջաններ կարող են իրենց թույլ տալ սանիտարական ռեժիմի թուլացում, ևս 22-ը մոտ են դրան։

Տնտեսագետները գրում են, որ իշխանությունները չեմ ուզում միանվագ ուղղակի օգնություն տրամադրել բնակչությանը, ինչպես պահանջում են ընդդիմադիրները և ինչպես անում են մյուս զարգացած երկրները։

Իշխանությունները պարզապես հայտարարել են, որ ոչ աշխատանքային օրերի ռեժիմը ավարտվել է, իշխանությունների տրամաբանությամբ, աղքատացած մարդիկ ուղղակի դուրս կգան աշխատանքի և գումար կվաստակեն։ Բայց իրականում Մոկսվայում, օրինակ, այսօրվանից կսկսեն գործել միայն արդյունաբերական և շինարարական ընկերությունները։

Նախագահ Պուտինի երեկվա ուղերձը շատերի համար անսպասելի էր։ Համաճարակն ավելի արագ է տարածվում, և ռուսաստանցիների մեծ մասն ակնկալում էր ոչ աշխատանքային օրերի ռեժիմի երկարաձգում մինչև մայիսի վերջը։

Մեկնաբան Օլեգ Օրեխը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրում է, թե Պուտինը «ձեռքերը լվացել է»․ - «Նա կարծես թե ասում է՝ ապրեք ոնց ուզում եք»։

Իսկ հայտնի մեկնաբան Եվգենյա Ալբացն ասում է․ - «Պուտինն ասում է, թե ոչ աշխատանքային օրերի ռեժիմն ավարտվել է։ Թե ինչ է սա նշանակում, պարզ չէ։ Նա ասում է, թե կարանտինային սահմանափակումները թուլացնելու մասին որոշումը պետք է կայացնեն տեղական իշխանությունները և հերթական անգամ փաստորեն նրանց վրա է դնում պատասխանատվությունը»։

Մեկնաբանը շարունակում է․ - «Ակնհայտ է, որ վերջին ամիսներին Պուտինը երկընտրանքի առաջ էր՝ պահպանել մարդկանց կյանքն ու առողջությո՞ւնը, թե՞ ֆինանսական ռեզերվները։ Պուտինը ընտրեց երկրորդը՝ Ազգային բարեկեցության հիմնադրամում հավաքված գումարը»։

Այս հիմնադրամն այսօր Մոսկվայում ամենաքննարկվող թեման է։ Երկրի իշխանություններն ու նրանց սպասարկող լրագրողներն ու մեկնաբանները պարբերաբար հայտարարում են, թե հիմնադրամի գումարները (խոսքը 13 տրիլիոն ռուբլու մասին է) «սև օրվա» համար են, և պետությունն չի կարող այսօր այդ գումարն ամբողջությամբ ծախսել բոլոր ռուսաստանցիներին և բիզնեսին գումար բաժանելով։

Իսկ ընդդիմադիրներն ու տնտեսագետները ահազանգում են, որ այս դեպքում տասնյակ միլիոնավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը, հազարավոր ձեռնարկություններ կփակվեն և միլիոնավոր մարդիկ պարզապես կաղքատանան։

XS
SM
MD
LG