Մատչելիության հղումներ

Ոստիկանության պաշտոնյաների կողմից շուրջ 27,2 մլն դրամի առերևույթ յուրացման գործն ուղարկվել է դատարան


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Ավարտվել է Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից այսօր հաստատվել է 3 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

«Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արարատի պահպանության բաժնի և նույն բաժնի Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետեր՝ Գ.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով նույն բաժնի հաշվապահ Փ.Գ.-ի հետ, 2015-2017թթ. ընթացքում մշակել և գործադրել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա: Համաձայն դրա՝ բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծվել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Յուրաքանչյուր ամիս գոյացած այդ գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, մինչև 2016թ. Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին պետ Գ.Հ.-ի, դրանից հետո՝ մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում նրան հաջորդած Ա.Ա.-ի ցուցումով, հաշվապահ Փ.Գ.-ն փոխանցել է իր, բաժանմունքի պետերի, ինչպես նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցների բանկային քարտերի հաշիվներին: Դրանից հետո վերջիններիս կողմից նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջվել և ստացվել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ապա Փ.Գ.-ն բաժանմունքի պետերիցուցումով իրեն փոխանցված, ինչպես նաև իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է նրանց: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում, նկարագրված եղանակով հաշվապահի օժանդակությամբ Գ.Հ.-ի կողմից առերևույթ յուրացվել է ընդհանուր 11,5 մլն, իսկ Ա.Ա.-ի կողմից՝ շուրջ 13 մլն ՀՀ դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ Դատախազության, «պարզվել է, որ Գ.Հ.-ն, ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2016թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին, չունենալով բաժնի աշխատակիցներին դրամական օգնություն հատկացնելու լիազորություն, նույն բաժնի թվով 41 ծառայողների կողմից տարբեր բնույթի անձնական խնդիրների վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի հիման վրա, բաժնի նախկին հաշվապահի օժանդակությամբ, որպես դրամական օգնություն նրանց փաստացի վճարել է ընդհանուր 2,7 մլն ՀՀ դրամ՝ կատարելով այդ չափով առերևույթ վատնում»:

Այս տարվա փետրվարին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և վերականգնել շուրջ 13 մլն դրամը։

2020-ի ապրիլին, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումով վարույթն իրականացնող մարմինը որպես մեղադրյալ է ներգրավել նաև Գ.Հ.-ին և Փ.Գ.-ին: Գ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «յուրացնելը կամ վատները պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով», նախաքննության ընթացքում նա վերականգնել է պատճառված վնասից 360 հազար դրամ գումարը։ Փ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ)։ Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Նախաքննության ընթացքում մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պատճառված վնասների և դատական ծախսերի ապահովման նպատակով։

Հաղորդագրությունում ասված է նաև, որ քրեական գործը հարուցվել է Ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG