Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Մտահոգիչ է վիրավորանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր, խորհրդարանի ամբիոնից ներկայացնելով 2019-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, առանձնացրեց մի շարք խնդիրներ և ձեռքբերումներ։ Ընտրական, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքներ, այս ոլորտներում առաջընթաց կա, հայտարարեց Թաթոյանը։

Անդրադառնալով խոսքի ազատության իրավունքին` Թաթոյանն ընդգծեց ատելության խոսքի մասին՝ քաղաքացիներին հորդորելով որևէ կերպ չներքաշվել այնպիսի քննարկումների մեջ, որոնք լի են հայհոյանքով, սպառնալիքով և ատելության խոսքով.- «Առհասարակ խոսքի ազատության մարտահրավեր ողջ աշխարհում նույնիսկ համարվում է սոցիալական ցանցերում անհանդուրժողականությունը: 2019 թվականի մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը: Այս արատավոր երևույթը անթույլատրելի չափերի է հասել սոցիալական ցանցերում: Հատկապես մեծ է ագրեսիան, որը տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից»:

Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման մեջ մի քանի էջով անդրադարձել է Մարտի 1-ի գործի քննությանը՝ առանձնացնելով նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործը։ Թաթոյանը գրում է, որ պաշտոնաթող նախագահի փաստաբաններն են իրեն դիմել՝ բարձրացնելով մի շարք խնդիրներ, մասնավորապես` տեսակցության արգելքի, ինչպես նաև կալանքի մասին։

Օմբուդսմենը, անդրադառնալով առհասարակ կալանավորներին ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքներին, ընդգծեց՝ այն անձը, որը քննություն է կատարում, իրավունք չունի մարդուն զրկել ընտանիքի անդամների հետ տեսակցությունից։ «Սա խնդիր է»,- ասաց Թաթոյանը.- «Այնքան շատ է սա մեծացել, որ ընտանիքի հետ կապից զրկելը դարձել է պատժելու միջոց: Մարդկանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու համար ընտանիքի հետ կապից կտրում է քննիչը, և հետագայում երաշխիքների բացակայության պատճառով մարդը լուրջ խնդիրների առջև է կանգնում»:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Թաթոյանն իր զեկույցում գրում է. «Բոլոր դեպքերում, պետք է հաշվի առնել, որ կալանքը բարձր աստիճանի միջամտություն է անձի անձնական ազատությանը, ուստի դրա հետ կապված հարցերը պահանջում են հետաձգում չհանդուրժող քայլեր հանրային իշխանության կողմից՝ դրանց ցանկացած այնպիսի վիճարկման դեպքում, որը վերաբերում է անազատության մեջ գտնվելու իրավաչափությանը»: Թաթոյանն իր տարեկան հաղորդման մեջ Քոչարյանի թեմայի վերաբերյալ շեշտում է՝ քանի որ գործն արդեն գտնվում է դատական քննության փուլում, ինքը դրա վերաբերյալ օրենքով չի կարող գնահատականներ հնչեցնել։

Խորհրդարանի ամբիոնից օմբուդսմենը հայտարարեց՝ անցած երկու տարիների ընթացքում նվազել են կալանավորման միջնորդությունները, բայց այս ոլորտում անհրաժեշտ են հրատապ ինստիտուցիոնալ փոփոխություններ.- «Ակնհայտ է, որ չկան ինստիտուցիոնալ հիմքեր, և փոփոխությունների նվազումը պայմանավորված է 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած փոփոխություններով: Կալանքի նկատմամբ նշվածս վերաբերմունքը և նաև պահանջներն առ այն, որ դա պետք է լինի բացառիկ խափանման միջոց, կարևոր է այն առումով, որ պետք է երաշխավորվեն մարդու այլ իրավունքներ»:

Արման Թաթոյանն անդրադարձավ նաև դատարանների գործունեությանը. Հայաստանի դատական համակարգում, իհարկե, առկա են խնդիրներ՝ դատարանների արտաքին ու ներքին անկախություն, դատարանի նկատմամբ վստահության պակաս, արդար դատաքննության երաշխավորության, կոռուպցիոն ռիսկեր և այլն.- «Բողոքները և դատական պրակտիկայի դիտարկումները վկայում են, որ առանձին դատավորներ նույնիսկ իրենց վարքագծով վնասում, ստվերում են դատական համակարգի հեղինակությունը: Այս ամենն, իհարկե, նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք է, որ տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին ու ամենակարևորը դատական համակարգի արդարացի պահանջներին: Մի կողմից` այս խնդիրները բնույթով այնպիսին են, որ պահանջում են հրատապ լուծումներ, մյուս կողմից` բարեփոխումներ իրականացնելիս պետք է ճիշտ որոշել առկա խնդիրների իրական պատճառները, օրինակ` այն, որ դատարաններում գործերի քննության անթույլատրելի ձգձգումների պատճառներից է դատավորների չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը: Չպետք է նաև մոռանալ դատարանների նկատմամբ ինստիտուցիոնալ վստահության ու հարգանքի, դատական իշխանության հեղինակության ու անկախության երաշխավորման բացառապես իրավական լուծումներով արդյունքների հասնելու հրամայականների մասին»:

Օմբուդսմենը, անդրադառնալով հավաքների ազատության իրավունքին, շեշտեց՝ 2019-ի հավաքները վկայում են, որ դրական դինամիկան, որ արձանագրվել էր 2018-ին, պահպանվում է.- «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ու ժողովրդավարական ճանապարհով հասնել սկզբունքային փոփոխությունների: Կարևորագույն այս իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացու վստահությունը իշխանության նկատմամբ, ինչն էլ փոխադարձաբար հանգեցրեց հանրային իշխանության հաշվետվողականության բարձրացման»:

«Հավաքներն ի ցույց դրեցին շարունակվող համակարգային բնույթի խախտումներ, որոնք վերաբերում են մարդկանց բերման ենթարկելուն, նրանց ազատությունից զրկելուն և իրավունքների երաշխավորմանը: Խոսքն, ըստ էության, վերաբերում է ազատությունից զրկմանը և ազատությունից փաստացի զրկված անձի իրավունքներին: Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է` անկախ նրանից վարույթը վարչական է, թե քրեական, ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իրացնել որևէ տեսակ արգելված վերաբերմունքի բացառումը երաշխավորող իր իրավունքները»:

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել տարբեր ոլորտներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների խնդիրները, մասնավորապես` լրատվամիջոցի կողմից նախաքննական գաղտնիք հրապարակելու մասին հարուցված քրեական գործը, խուզարկությունը լրատվամիջոցներից մեկում։ «Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որպեսզի քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել մեծ ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ՝ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս անկախ կարգավիճակից»,- գրում է Թաթոյանն իր զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG