Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:
Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին վերը նշված առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների ղեկավարների և ներկայացուցիչների հետ ու այդ քննարկումների արդյունքներով վերջնական տեսքի բերել նախագիծը: