«Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը ամսագրի «Արմենիուս» կայքում երեկ հանդես է եկել առաջնորդող հոդվածով` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրականությանը, որը հատկապես վերջին շաբաթների ընթացքում սրվել է:
«Հեղափոխություն հեղափոխությունից հետո» վերնագիրը կրող հոդվածում հեղինակը ծառացել է այն թեզերի դեմ, որոնք, ինչպես նշել է նա, «ներկայացվում են իբրև ժողովրդի խոսք, բայց իրականում գալիս են օլիգարխներին ենթարկվող լրատվամիջոցներից և Հայաստանի իշխանություններին մեղադրում են դեպի բռնատիրություն գնալու մեջ»: Երևույթը, ըստ հոդվածագրի, հասարակական կարծիքի արհեստական ձևավորման փորձ է:
Համաձայնել այն մտքի հետ, թե Հայաստանի իշխանությունները սայթաքում են դեպի բռնապետություն, կնշանակեր հապճեպ եզրակացության հանգել` ըստ հոդվածագրի, նույնիսկ եթե նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնած են այսօր արդարադատության առջև:
«Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա պետք է արդյոք նրանք լրջորեն վերաբերվեն այս մեղադրանքներին, քանի որ հեղափոխությանը կարող է հաջորդելու գալ հակահեղափոխությունը և այն էլ այն ժամանակ, երբ համավարակի հետևանքները կարող են բարենպաստ հող ստեղծել դժգոհությունների համար և հանգեցնել ճգնաժամի»,- հարցնում է Արա Թորանյանը` այդուհանդերձ, հիշեցնելով 2 տարի առաջ կատարված հեղափոխությունը և նշելով, թե Հայաստանի ժողովուրդը պետք է շատ մոռացկոտ լիներ` ցանկանալու այսօր այն, ինչն ինքը նզովել է 2 տարի առաջ:
Ըստ հոդվածագրի` այդ հեղափոխությունը նախկիններից ազատվելու հարց չէր միայն, այլ ներշնչված էր արդարության անդիմադրելի պահանջով, և ժողովրդի այդ կամքի իրականացման համար է, որ ազատ ընտրություններով հաստատված նոր իշխանությունները այսօր հաշվետու են:
«Փաշինյանն իրականացնում է իր ծրագիրը, գործադրում այն, ինչի համար որ ժողովուրդը բերել է նրան իշխանության, այն է` դատարանի առջև կանգնեցնել նախկին ղեկավարներին, իրենց ենթադրյալ կողոպուտների համար, պետության գանձարան վերադարձնել գողացվածը և կառուցել իրավական ու դեմոկրատական պետություն` համաձայն ժողովրդի ցանկության: Որտե՞ղ է ուրեմն բռնապետական սայթաքումը, երբ միջոցներ են տրվում արդարադատությանը իր աշխատանքը կատարելու համար և օրենսդրական հանրաքվեի միջոցով ցանկանում են բարեփոխել դատական համակարգը»,- գրում է նա` եզրակացնելով, թե ներկա իշխանությունները պետք է շարունակեն իրենց վարած քաղաքականությունը, քանի որ ժամանակն է, որ Հայաստանի 30-ամյա անկախացումից ի վեր նրա կառավարություններից մեկը մտածի իր ընտրողների հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու մասին:
Նույնն է ասում այս նույն օրերին ֆրանսահայ մամուլում, «Արմենիուս» կայքում և «Նոր հառաջի» առցանց համարում հրատարակված «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության բաց նամակը` ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին, այդ կազմակերպությունը պահանջում է նույնիսկ, որ վարչապետը վճռական միջոցառումներ ձեռնարկի նախկին կարգի ներկայացուցիչների դեմ: «Ովքեր,- նշված է նամակում,- մասնակցել են պետության կողոպտմանը, իսկ այժմ փորձում են սուտ լուրեր տարածելով խախտել Ձեր օրինականորեն ընտրվախ իշխանության հավասարակշռությունը, իսկ սփյուռքն այնպես, ինչպես Հայաստանի մեր հայրենակիցները սպասում են հիմնական և հեղափոխական այն փոփոխություններին, որոնք Դուք խոստացել եք իրագործել իշխանության գալու»:
Նամակում ներկայացվել են նաև մի քանի հիմնական պահանջներ, որոնցից առաջնայինը համարել են դատական համակարգի արմատական վերափոխումը: