Պարետատան պահանջն է՝ առևտրի մեծ ու փոքր կենտրոններ մտնելիս լինել դիմակով ու ձեռնոցով, իսկ բացօթյա սրճարանում կարելի է նստել միայն ջերմաչափվելուց հետո։
Երևանի կենտրոնի խանութներից մեկում դիմակներն ու ձեռնոցները դրել են հենց մուտքի մոտ պաշտպանիչ միջոց չունեցող հաճախորդների համար, աշխատողները, սակայն, խոստովանում են՝ անգամ այս դեպքում մարդիկ հրաժարվում են դրանք կրել։
Քաղաքի ամենակենտրոնում կանոններն ընդհանուր առմամբ գործում են. սրճարաններից մեկում անգամ մեզ ջերմաչափեցին՝ ներս թողնելուց առաջ։
«Հաճախորդներին պարտադիր ջերմաչափում ենք, ջերմությունը ստուգում ենք, նոր թույլատրում ենք նստել: Աշխատում ենք միայն բացօթյա ռեժիմով, ներսում նստել չի թույլատրվում, պարտադիր ջերմաչափում անում ենք, եթե ջերմությունը նորմալ է, թույլատրում ենք նստել, սպասարկվել, եթե չէ՝ ներողություն ենք խնդրում, սպասարկում չենք իրականացնում», - ասաց սրճարանի աշխատակիցը:
Աբովյան փողոցի վրա մեզ հանդիպած հաջորդ սրճարանում հաճախորդների ջերմության մատյան կար։ Քիչ հեռու ռեստորաններից մեկը, սակայն, թարմ հաց է վաճառում. թխվում են տեղում, վաճառվում՝ փռի պատուհանից, բայց հացի բաց արկղերին մոտ կանգնած վաճառողն առանց դիմակի էր։
Պուշկինի վրա էլ մտանք մի սուպերմարկետ, որի վաճառողները ո՛չ ձեռնոց էին կրում, ո՛չ դիմակ. իրենք չպահելով պարետատան պահանջը՝ չէին էլ պահանջում հաճախորդներից։
Քիչ հեռու վարսավիրանոց կա, որտեղ բոլորը դիմակներով էին, հենց կողքին մատների հարդարման սրահ, դեմ-դիմաց, շատ մոտ նստած հաճախորդն ու մասնագետը՝ երկուսն էլ առանց դիմակի։
Փոքր կենտրոնից դուրս գալուց հետո արդեն ավելի քիչ են հանդիպում գեղեցկության սրահներ ու խանութներ, որոնք պահում են կորոնավիրուսի չտարածման պարզ կանոնները՝ տարածքը հաճախ ախտահանել, կրել դիմակ ու ձեռնոց։
Կոմիտասի վրա գործող վարսավիրանոցներից մեկում մեզ խնդրեցին՝ սպասել դիմակը դնեն, նոր նկարահանենք։ Քանաքեռի կենտրոնում եռուզեռ էր։ Մթերքի փոքրիկ խանութում՝ կուտակում, ո՛չ սոցիալական հեռավորությունն են պահպանում, ո՛չ դիմակներ դնում։ Ոչ հեռու՝ մեծ առևտրի կենտրոն է։ Դրամարկղի մոտ հերթ է, որևէ հաճախորդ դիմակ չունի, իսկ աշխատողը միայն մեզ նկատելուց հետո է խնդրում պահպանել սոցիալական հեռավորությունը։
Քանաքեռից Զեյթուն՝ մեծ փոփոխություն չկա։ Մտանք մի փոքրիկ վարսավիրանոց, որտեղ իրար շատ մոտ նստած հաճախորդներ կային՝ բոլորն առանց դիմակների։ Տեղյակ չե՞ն արդյոք պարետատան պահանջների մասին հարցն անպատասխան մնաց։