Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳՆ-ն հավատարմագրումից զրկել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» նկարահանող խմբին


Բելառուսի արտգործնախարարությունը հավատարմագրումից զրկել է ռուսաստանյան «Առաջին ալիքի» նկարահանող խմբին։

«Առաջին ալիքի» մամուլի ծառայությունից այսօր հայտնել են, որ Բելառուսից արտաքսել են լրագրող Ալեքսեյ Կրուչինինին՝ հայտարարելով․ - «Կարծում ենք, որ բելառուսական իշխանությունների գործողությունները բացարձակապես անհիմն են»։

Կրուչինինը Բելառուսում կորոնավիրուսի մասին մի քանի ռեպորտաժների հեղինակ է։ Դրանցից վերջինը եթեր է գնացել մայիսի 6-ին։ Այդ ռեպորտաժում լրագրողը հայտնել է Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի և մահվան դեպքերի մասին Ստոլբցի քաղաքում։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկից 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ քաղաքում, ըստ ռեպորտաժի, բազմաթիվ նոր գերեզմաններ են հայտնվել։

Ռուսաստանցի լրագրողները քննադատում են Բելառուսի իշխանությունների հակահամաճարակային անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու մեջ։ Պաշտոնական Մինսկը հերքում է սա, և ռուսաստանցի լրագրողները պնդումները որակում է որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարել է, որ ռուսաստանյան լրատվամիջոցների կեղծ քննադատության պատճառը Մինսկում մայիսի 9-ին կայանալիք շքերթն է․ - «Նրանք չեղարկել են շքերթը, իսկ մենք անկացնելու ենք։ Դրա համար էլ մեզ քննադատում են»։

Լուկաշենկոն, ի դեպ, բազմաթիվ, այդ թվում հետխորհրդային երկրների ղեկավարներին հրավիրել է Մինսկ՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված տոնական շքերթին մասնակցելու համար․ - «Բելառուսը ամենաճիշտ վայրն է այս շքերթն անցկացնելու համար, քանի որ ամենից շատ այդ պատերազմում տուժել է Բելառուսը»։

Բելառուսում համազգային կարանտին չի հայտարարվել, շարունակում են գործել ձեռնարկություններն ու խանութները, չկա ինքնամեկուսացում։

Լուկաշենկոն հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ արդարացնելով իշխանությունների պահվածքը։ Դրանցից մի քանիսի համար նա արժանացել էր քննադատության։ Մասնավորապես, Լուսկաշենկոն ասել էր, թե երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մեռնի՝ ավելի ուշ պնդելով, թե նկատի է ունեցել, որ մահանում են միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։

Պաշտոնական տվյալներով, Բելառուսում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման մոտ 20 հազար դեպք, մահացել է 112 մարդ։

Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ չի գնալու կարանտինային սահմանափակումների՝ պատճառաբելով, որ տնտեսությունն ավելի կարևոր է։

Համաճարակի դեմ պայքարի ռազմավարության շուրջ Մինսկի և Մոսկվայի միջև տարաձայնությունները ծագել են երկկողմ հարաբերությունների ընդհանուր սրման ֆոնին, այն բանից հետո, երբ անցած տարեվերջին տապալվեց երկու երկրների միջև ինտեգրման խորացման մասին փաստաթղթերի համաձայնեցումը։

Բելառուսը նաև հայտարարում է, որ ռուսաստանյան թանկ գազի փոխարեն նորմալ գնով գազ է գնելու այլ երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG