Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում չկա սոցիալական ճգնաժամ և կոլապս


Վարչապետը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս առանձին մաս նվիրեց համաճարակի պայմաններում Կառավարության կատարած աշխատանքին՝ ընդգծելով, որ հաջողվել է ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, թեև դեռ վաղ է լավատեսությանը տրվել․ - «Ճգնաժամը նոր-նոր սկսվում է, և մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»։

Ի սկզբանե նպատակը եղել է թույլ չտալ խուճապ, ապահովել պայմաններ, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին։

Խորհրդարանի ամբիոնից վարչապետը թվարկեց ձեռքբերումներըը, հիշատակեց 16 հակաճգնաժամային միջոցառումները, որոնց միջոցով Կառավարությունից ուղիղ աջակցություն է ստացել ավելի քան 1 միլիոն մարդ։ Մայիսի 5-ի դրությամբ, վարչապետի խոսքով, բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տվել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձանց։ Գնաճի մասով, վարչապետի գնահատմամբ՝ էֆեկտիվ կառավարում ենք ունեցել։

Խոսելով տնտեսական վնասերի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից վնասներ կրած տնտեսությունը չպետք է վերադարձնել նախկին վիճակին․ - «Կհամարենք, որ խոշոր պարտություն ենք կրել։ Մենք պետք ա տնտեսությունը բերենք նոր վիճակի։ Կա մի գործիք, որը աներկբա է և միանշանակ։ Եվ էդ գործիքը կրթությունն է»։

Ի դեպ, նախքան կորոնավիրուսի ճգնաժամին անդրադառնալը, Փաշինյանը որպես Կառավարության ձեռքբերում ընդգծել էր այն, որ հեղափոխությունից հետո մեկուկես տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտներն ավելացել 43,6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք։

Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 8,9 մլրդ դրամով, և եթե կորոնավիրուսը չխանգարեր, ակնկալվում էր շուրջ 20 մլրդ դրամի գերակատարում։

Ստվերից դուրս է եկել 87 հազար աշխատող, միջին աշխատավարձը 5,8 տոկոսով ավելացել է, աղքատությունը կազմել է 23,5 տոկոսի։

Արդեն հարցուպատասխանի ժամանակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հարց հնչեց, թե ինչո՞ւ նշված դրական ցուցանիշների կողքին չի խոսվում տնտեսական ձախողումների մասին։

Վարչապետն արձագանքեց․ - «Ըստ էության ես կարող եմ ասել, որ 2019 թվականին մենք կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի։ Որովհետև մենք բացառիկ ցուցանիշներ ունենք։ Կարո՞ղ էին արդյոք այդ ցուցանիշները ավելի բարձր լինել։ Այո, կարող էին։ Միգուցե մենք չենք ունեցել այնքան հաջողություններ, ինչքան կուզենայինք, որ ունենանք»։

Իսկ լրջագույն ձախողում, վարչապետի գնահատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարն էր։ 2019 թվականից և մինչև օրս շարունակվող ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է։

Չի լուծվել նաև դատական անկախ համակարգ ունելու հարցը, նշաձողն է՝ բացառել կառավարելի, խամաճիկային համակարգը։ Վարչապետը շեշտեց, որ այսօր իրավապահ համակարգում կան նվիրյալ, անկախ աշխատողներ, սակայն կան նաև դավաճաններ, անգրագետներ։ Թացը չորի հետ չխառնելու համար և իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար Փաշինյանը մեջբերեց աստվածաշնչյան մի դրվագ․ - «Լավ, եթե տասը արդար լինի, կկործանե՞ս։ Ասում է ոչ, եթե տասը արդար լինի, էդ տասը արդարի շնորհիվ, չեմ կործանի էդ քաղաքը։ Բանը հասնում է նրան, ասում է, լավ եթե մի՞ արդար լինի։ Աստված լուծում ա գտնում, ասում ա՝ մի արդարին կհանեմ քաղաքից և մնացածի հարցը լուծեմ։ Եվ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության դատական, դատաիրավական համակարգում կան տասը արդարներ, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդ ու քար չի արել, չի ավերել, միայն այդ․․․ պայմանականորեն տասը կամ հիսուն արդարների շնորհիվ։ Ընթացող քննությունների արդյունքում հարյուր տոկոսով, ոչ թե իննսուն ինը, այլ հարյուր տոկոսով կբացահայտվի Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը»։

Կոռուպցիոներների թեման նորից շոշափվեց, երբ այս անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հարց տրվեց օտարեկրյա ներդրումների շուրջ։

Փաշինյանն այս առիթով հիշեց «Գոլդեն Փելեսի» հայտնի օրինակը․ - «Օտարերկրյա ներդրումներ վերնագրի տակ Հայաստանի կոռումպացված չինովնիկները տարել են իրանց փողերը պտտել են, էսինչ էսինչյանը դառել է Գոնսալո Իգուաին, բերել ա Հայաստանում ներդրում ա արել։ Հիմա ի՞նչ ա տեղի ունենում։ Քանի որ բոլորը հասկացել են, որ հակակոռուպցիոն պայքարը լուրջ ա ըլնելու, նաև Հայաստանից էս ընթացքում փողեր դուրս են բերում էդ նույն մարդիկ։ Եվ դա մեր մեծ պրոբլեմներից մեկն ա։ Եվ էդ մեծ պրոբլեմների ամենակարևոր բանը, ամենակարևոր պարամետրը, այո, անկախ դատական համակարգի կայացումն ա»։

Ամբողջ ելույթի, հարցուպատասխանի ժամանակ կարմիր թելով անցնում էր թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շատ երկար տարիներ հաստատված ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն․ - «Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG