Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում մարդիկ քրեական հետապնդումների են ենթարկվել բնական աղետի հետևանքները նկարահանելու համար


Թուրքմենստան - Փոթորիկի հետևանքով ավերված շինություններ, մայիս, 2020թ.
Թուրքմենստան - Փոթորիկի հետևանքով ավերված շինություններ, մայիս, 2020թ.

Թուրքմենստանում մարդիկ քրեական հետապնդումների են ենթարկվել բնական աղետի հետևանքները նկարահանելու համար:

Իրավապաշտպան խմբերը հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելյան Լեբապ նահանգում, որտեղ անցած շաբաթ փոթորիկի և հորդառատ անձրևների հետևանքով բնակելի տներ ու շինություններ են վնասվել:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 4-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ վկայակոչելով Պրահայում գործող «Թուրքմեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները» խմբի հաղորդագրությունը: Պրահյան խումբը հայտնել է, որ իրենք խոսել են Լեբապի նահանգում ապրող կնոջ հետ, ով ասել է, որ անվտանգության ուժերը երկու օր իրեն բանտարկված են պահել՝ մեղադրելով տեսանյութերը դուրս ուղարկելու համար:

«Նույն խումբը նաև տեղեկություն է ստացել, որ անվտանգության ուժերը ևս 19 կանանց նույն պատճառով փակված են պահել Լեբապի կենտրոնում, նրանք ազատ են արձակվել մայիսի 3-ին», - հաղորդում է Human Rights Watch-ը:

Իրավապաշտպան մեկ այլ՝ «Մարդու իրավունքների թուրքմենական նախաձեռնություն» խումբը հաղորդել է, որ ոստիկանությունը հետևել է ապրիլի 27-ի փոթորիկի հետևանքները մեքենաներից հեռախոսներով նկարահանող մարդկանց:

Human Rights Watch-ը հաղորդում է, որ Թուրքմենստանի իշխանությունների գրաքննության, վնասների մասին տեղեկատվությունը կանխելու ջանքերի պատճառով դժվար է գնահատել կորուստներն ու վնասները:

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության լրագրողներն ասել են, որ փոթորիկների հետևանքով Լեբապում առնվազն երեք տասնյակ մարդ է զոհվել, այդ թվում՝ շատ երեխաներ:

Թուրքմենական լրատվական անկախ կայքերը, վկայակոչելով Լեբապի կենտրոն Թուրքմենաբատ քաղաքի առողջապահական ոլորտի աշխատակիցներին, հաղորդում են, որ միայն Լեբապի կենտրոնում 300 զոհ կա:

Ինտերնետում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս փլված տանիքներով շենքեր, տներ, որոնց ներսի պատերը փլուզված են, քարերի տակ մնացած ավտոմեքենաներ:

Լեբապի և հարևան շրջանների բնակիչները բողոքում են, որ կառավարությունն իրենց թողել է առանց աջակցության:

Թուրքմենստանի առաջնահերթությունը չպետք է լինի նորություններ նկարահանող մարդկանց հետապնդելը, մասնավորապես հիմա՝ աղետից հետո, առաջնահերթությունը պետք է լինի էֆեկտիվ ջանքերով օգնություն ցուցաբերելը բոլոր կարիք ունեցողներին, հայտարարել է Human Rights Watch-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG