Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 5-ին, մեկնարկել են խորհրդարանի հերթական քառօրյա նիստերը: Օրենսդիրը նախ քննարկեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր պատգամավորների հինգ նախագծերը օրակարգ ընդգրկելու հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի նախագիծն ուղղված էր փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանությանը.- «Առաջարկում էինք, որպեսզի օրենքը սահմաներ բավարար երաշխիքներ փաստաբանների գործունեության պաշտպանության համար, այդ թվում` նախատեսում էինք փաստաբաններին վիրավորելը և զրպարտելը քրեականացնել»:
Նախագիծը չընդունվեց կողմ 37, դեմ 74, ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ:
Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած մյուս չորս նախագծերը ևս մերժվեցին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, օրինակ, առաջարկում էր օրենքով կրկնապատկել վետերանների պատվո վճարը՝ սահմանելով այն 200 հազար դրամ։ «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանն ընդգծեց` այս տարի բոլոր 276 վետերաններին կառավարության որոշմամբ կհատկացվի 300 հազար դրամ.- «Օրենքով նման գումարներ չեն ֆիքսվում, դրանք ֆիքսվում են կառավարության որոշմամբ, որպեսզի ավելի ճկուն լինեն, և վերանայվելն ավելի արագ լինի»:
Վահե Էնֆիաջյանն էլ նշեց.- «Ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների նախաձեռնություններն եք դուք մերժում` Գևորգ Պետրոսյանի, Անի Սամսոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի: Հարգելի՛ ընկերներ, ի՞նչն է պատճառը, խի՞ չեք թողնում, որպեսզի հարցերը քննարկվեն: Պառլամենտարիզմից ենք խոսում, եկեք քննարկենք: Ոչ ոք չի ասում` կողմ կամ դեմ քվեարկեք այս հարցին, բայց եկեք քննարկենք, խի՞ չեք թողնում քննարկենք»:
Այս համատեքստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեց Արցախյան պատերազմի վետերաններին: Կառավարությանն էլ հիշեցրեց` Արցախյանի մասնակիցներն այսօր սոցիալապես ոչ բարվոք վիճակում են.- «Ինձ թվում է` Արցախյան ազատամարտի վետերաններին չենք հասնի մինչև 70 տարեկան, նոր ինչ-որ պարգևավճարներ տանք, որովհետև մարդ չի մնա: Եվ ուզում եմ ասել, որ Արցախյան ազատամարտի մասնակիցներին այդ 5 հազար դրամը հավելավճար, որը տալիս է թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքել, և կուզենայի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձներ նաև դրան: Այնտեղ դեմ են ասում, այստեղ կողմ են ասում, ինձ թվում է` սա մի մեծ տրագեդիա չի, եթե մի քիչ էլ ձգենք մայիսին, էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է` կարելի է անել, ի՞նչ է եղել»:
Ապա օրենսդիրն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է փոփոխություններ անել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին օրենքում.- «Հիմնականում այս օրենքը նպատակ ունի ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել նպատակային ծրագրերի համար համայնքներին: Եթե կան մի քանի մետաղական հանքարդյունահանող ընկերություններ, ապա մենք այդ անվանումները հանում ենք օրենքի տեքստից և դնում ենք կարգավիճակը, այսինքն` մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն»:
Օրենսդիրի օրակարգում է նաև բյուջեի կատարողականի հարցը: