Մատչելիության հղումներ

Ջիվան Ավետիսյան․ Կյանքեր ենք դրել Արցախի համար, ինչո՞ւ չպատմել դրա մասին


10 գեղարվեստական և 15 վավերագրական ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը արտակարգ
դրության այս ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ է անցկացրել՝ օրական 18-20 ժամ աշխատելով արցախյան թեմայով նոր ֆիլմի վրա, որի նկարահանումները հույս ունի սկսել արդեն հաջորդ տարվանից:

Իսկ մինչ այդ արցախյան թեմայով նկարահանած իր վերջին ֆիլմերն է ներկայացնել համացանցում։ Այս ընթացքում Ավետիսյանն աշխատել է նաև իր «Թևանիկը», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերի «առաջխաղացման, տարածման ուղղությամբ»․ - «Իհարկե, ոչ այս պահին, ապա երեք ամիս, վեց ամիս հետո։ Որովհետև, ի վերջո, որքան էլ որ կինոաշխարհը դադար է առել, բայց պլանավորումներ կատարվում են ամբողջ աշխարհում։ Բոլորը համբերատար սպասում են, որ գալու է այդ օրը, երբ դուս են գալու մեծ շուկա։ Եվ մենք էլ պատրաստվում ենք այդ մեծ շուկայում, մեծ օվկիանոսում, որպես դերակատարություն ունեցող խաղացող, խաղալ»։

Նա նշեց, որ միաժամանակ սցենարիստների հետ հեռավար աշխատում է հաջորդ ֆիլմի սցենարի վրա․ - «Եվ բավական առաջ ենք տարել նախագիծը, որովհետև ավելի շատ ժամանակ ունեինք աշխատելու»։

Այդ նոր՝ «Վերածնվածը» ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Ոսկանյանն է։

Հարցին, թե ինչպես են կարողանում հաղթահարել մեր օրերում ֆիլմարտադրության հետ կապված բազմաթիվ խնդիրները, ռեժիսորը պատասխանեց․ - «Հավատացեք, ես որևէ մեկցից ինձ առավել չեմ դասում։ Ուղղակորեն ես աշխատում եմ։ Փորձում եմ աշխատել գիշեր-ցերեկ, 18 ժամ կազմում է իմ օրվա աշխատանքը։ Փորձում ենք գտնել համախոհներ, բաց ենք շփման համար։ Այնպես չի, որ պրոյեկտը սկսելիս մենք արդեն ունենում ենք գումարները։ Ոչ։ Մենք փորձում ենք հստակ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել, թե ինչպես հնարավոր բոլոր ազնիվ ճանապարհներով դրամը գոյացնել։ Ինչպես ունենալ լավ սցենար, որը արդեն իսկ կօգնի մեզ, որ գումար հավաքվի ֆիլմը նկարահանելու համար։ Մենք բոլորս հավատում ենք, որ լավ սցենարի առկայության դեպքում ֆոնդերը ու պրոդյուսերները կգտնվեն։ Ինչպես, օրինակ, «Դրախտի դարպասը» ֆիլմը․ գտնվեցին մարդիկ, որ կարողացան գնահատել, սիրել և պրոյեկտի շուրջը հավաքվել։ Ի վերջո 8 երկրի համատեղ արտադրությամբ ֆիլմն ավարտվեց»։

«Հաղթանակի օրն է մոտենում», - շարունակեց Ջիվան Ավետիսյանը։ - «Ես չեմ մոռացել, թե տարիներ առաջ ես ինչպես եմ մեր գյուղի, Խաչմաչի գլխին գտնվող բլրերից, տակավին պատանի, հետևել, թե ոնց է Շուշին այրվում, ինչպես են մարտեր ընթանում և Շուշին ազատագրվում։ Ի՞նչ ունենք առավել թանկ, քան Արցախը։ Կյանքեր ենք դրել Արցախի համար, ինչո՞ւ չպատմել դրա մասին։ Տասնյակ ռեժիսորներ իրենց կյանքը պիտի նվիրեին Արցախի մասին պատմելուն, և պետությունը պետք է սատարեր, աջակցեր և խրախուսեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG