Ֆրանսիան նախապատրաստվում է կորոնավիրուսի հետևանքով երկրում պարտադրված ինքնամեկուսացման վերացմանը մայիսի 11-ից: Մարտի 1-ից ի վեր, պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակը տվել է 24 հազար 760 զոհ:
Կորոնավիրուսի համավարակը և դրա հետևանքները ողբերգական են ընտանիքների համար: Հայերը նույնպես կրեցին դրա դժբախտ հետևանքները Պատրիկ Դևեջյանի մահվամբ, ով, ինչպես «Ազատությանն» ասաց ֆրանսահայ արվեստագետ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանը, Հայ դատի հավատարիմ պաշտպանն էր:
Ագուջյանը, ում ստեղծագործությունները նվիրված են հիշողությունների և հատկապես հայ ժողովրդի հիշողության պահպանմանը, խոսեց նախ իր կնոջ` պարուսույց, «Երազ» պարախմբի ղեկավար Քրիստինա Գալստյանի մասին, որի պատրաստած ներկայացումը, ելնելով ներկա պայմաններից, ցուցադրվում է առցանց: Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա լուսանկարիչը խոստովանեց, որ ինքնամեկուսացումը վատ է անդրադարձել իր ստեղծագործական աշխատանքի վրա` ամբողջապես արգելելով նախապես որոշված ծրագրերի իրականացումը:
«Ես առաջարկել էի մամուլին մեկնել Ղարաբաղ և մի ռեպորտաժ պատրաստել Ղարաբաղի մարտ ամսվա ընտրությունների և ավելի ընդհանուր առմամբ Հայաստանի մասին, բայց ինքնամեկուսացման հետևանքով չկարողացա դա անել»,- ցավով նշում է արվեստագետը` հույս հայտնելով, որ իրադրության բարելավումը թույլ կտա իրեն մեկնել Լեռնային Ղարաբաղ և Հայաստան` լրացուցիչ աշխատանք կատարելու իր հաջորդ գրքի համար, որի վրա աշխատում է ինքը ներկայումս:
Լուսանկարիչը շատ վաղուց է սկսել հետաքրքրվել իր ժողովրդի պատմությունը դրոշմած վայրերով և իր լուսանկարներով տվել դրանց կենդանի վկայությունները, որպեսզի, ինչպես ինքն է ասում, դրանք չպատկանեն միայն անցյալին: 1988թ. աղետալի երկրաշարժը տարել է Անտուան Ագուջյանին Հայաստան, ուր մնացել է նա մեկ տարի շարունակ և անմահացրել այդ օրերի վկայությունները «Կրակի սառույցի տակ» վերնագրով գրքում:
Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ջավախք բայց նաև Թուրքիա, հսկայական լուսանկարչական աշխատանք է կատարել արվեստագետը և ներկայացրել դրանք մի քանի հատորներում: 2011թ. նա եղել է առաջին լուսանկարիչն, ով ցուցադրել է իր լուսանկարները Թուրքիայի հայերի հիշողության վերաբերյալ, իսկ 2015-ին Ցեղասպանության 100-ամյակի առթիվ հրատարակել այդ նյութի վերաբերյալ իր «Լռության ճիչը» վերնագրով ժողովածուն:
Իր ժողովրդի ապրած արհավիրքի հիշողությունն է, որ դրդել է Անտուան Ագուջյանին շարունակել իր աշխատանքը Միջին Արևելքի երկրներում:
«Վերջին 5 տարիներին հիշողության վերաբերյալ իմ աշխատանքը ես կենտրոնացրել եմ Միջին Արևելքի իրադարձությունների վրա պարզապես այն պատճառով, որ այն, ինչ կատարվում է այդ երկրներում, արձագանքն է հանդիսանում 1914-1917 և 1918 թվականներին այդ նույն վայրերում կատարված հայկական իրադրություններին: Դրանք համընկնում են նույնիսկ անուններով»,- նշում է լուսանկարիչը, որի ռեպորտաժները հրապարակվում են ֆրանսիական հեղինակավոր պարբերականներում: