Մատչելիության հղումներ

Փորձելու ենք սթափեցնել վարչապետին. Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներն առաջիկայում դատական հայց կներկայացնեն կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա խոսնակ Մանե Գևորգյանի դեմ, ինչպես նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը, այդ կերպ փորձելով սթափեցնել վարչապետին։

Փաստաբանի փոխանցմամբ, առայժմ քննարկում են, թե ո՞վ պետք է լինի պատասխանող կողմը, հաշվի առնելով, որ վարչապետի խոսնակը հայտարարություն արել է վարչապետի և նրա աշխատակազմի անունից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն, ապրիլի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 2018 -ի հեղափոխությունից հետո, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տարբեր ընկերություններում իր փայաբաժինները հապճեպ վաճառել է։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող», - գրել էր վարչապետի խոսնակը, չբացառելով, որ հենց այդ գործարքի արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը։

Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշում է՝ վարչապետի խոսնակը ակնհայտ զրպարտություն է տարածել, որի նպատակն է եղել ընդամենը հանրության ուշադրությունը շեղել Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպից։

«Կոնկրետ այս հայտարարությունը ուղղակի հանրությանը շեղելու փորձ էր Գավառի դեպքերից, և պատահական չի, որ գիշերային ժամի այդ հայտարարությունը եղավ այդ նույն օրը: Ակնհայտ է, որ վարչապետը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զրպարտչական տեղեկություններ տարածելու, դա է պատճառը, որ դիմելու ենք նաև դատարան, որպեսզի մի փոքր փորձենք սթափեցնենք վարչապետին, եթե դա հնարավոր է», - ասաց փաստաբանը:

Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում անհեթեթություն որակեց Գավառի իրադարձություններից շեղելու մասին Արթուր Վանեցյանի ներկայացուցչի պնդումը։

«Հանրությունը տեսնում է, որ իրենք խուսափում են այդ հարցերի մասին խոսելուց, իրենք փորձում են բոլորովին այլ տեսանկյունից մոտենալ հարցին, բայց ոչ երբեք բուն հարցի իմաստին», - ասաց Հակոբյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երբ կստանա իր դեմ դատական հայցի մասին ծանուցումը, այն ժամանակ էլ կարձագանքի հնչած հակափաստարկներին։

Փոխարենը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ այն հայտարարությունները, որոնք վարչապետի խոսնակն արել է՝ իր լիազորություններից դուրս են, եթե կար քրեական գործ, ապա այդ մասին պետք է հայտարարեին իրավապահ մարմինները և ոչ թե խոսնակը։

«Եթե կար հարուցված քրեական գործ, ուրեմն քրեական գործի շրջանակներում պետք է այդ ամեն ինչը արվեր, և դա բոլորովին վարչապետի մամուլի խոսնակի հայտարարության առիթը չպետք է լիներ», - նշեց Սաֆարյանը:

«Ազատության» հարցին՝ տեսնո՞ւմ է ինչ-որ քաղաքական շարժառիթներ, իրավապաշտպանը պատասխանեց. «Այո, ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն է՝ նոր ինչ-որ ընթացք հաղորդելու, նոր տրամադրություններ, կարևոր չի բացասական, թե դրական, հաղորդելու, կենդանացնելու այդ քրեական գործը: Մտածում եմ, որ մտադրություններն այդպիսին են եղել»:

Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշում է, թե վարչապետն ու իր թիմի անդամները չեն կողմնորոշվում՝ Վանեցյանին ինչում պետք է մեղադրել։ Արձագանքելով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այս շաբաթ արված հայտարարությանը, Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ մասով կսպասեն դատախազության պատասխանին։

Հիշեցնենք՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է, ասել էր, թե կասկածներ ունի, որ Վանեցյանը պաշտոնանկ է արվել, քանի որ հավաքագրված է եղել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, և որ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել այդ փաստը։

Այս հայտարարությունից հետո, Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը դիմել էր դատախազություն՝ պահանջելով պատգամավորի բարձրացված հարցերին տալ քրեաիրավական գնահատական, քանի որ դրանք պարունակում են հանցագործության առերևույթ արարքների մասին դատողություններ։

«Մենք կսպասենք դատախազության դիրքորոշումներին, որովհետև չի կարող այդպես լինել, այստեղ ազգային անվտանգության հարց է դրված: Այս խայտառակությունը մենք պատկերացնո՞ւմ ենք, այդ մարդը դրա լրջությունը հասկանո՞ւմ է ընդհանրապես», - ասաց Վանեցյանի փաստաբանը:

Մինչդեռ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է՝ իր գրառման մեջ ինքը որևէ մեկին չի մեղադրել, չի զրպարտել, այլ հարցեր է բարձրացրել։ Ու քանի որ Արթուր Վանեցյանը չի կարողացել իր հարցերին պատասխանել, ստիպված դիմել են դատախազություն՝ փորձելով շոու կազմակերպել։

«Իրենք չունեին այդ հարցերի պատասխանները, իրենք որոշեցին էսպիսի մի փոքրիկ՝ մինի ներկայացում սարքեն», - ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

XS
SM
MD
LG