Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում խռովություն է սկսվել: Երկուսուկես տարի առաջ իրար միացած բնակավայրերից երկուսի՝ Վարդաբլուրի և Կուրթանի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը նրանցից մեկին իր դիմումի համաձայն, մյուսին՝ առանց դիմումի հեռացրել է: Նա «Ազատությանն» ասաց՝ իր ենթակաների աշխատանքից դժգոհ է, լավ չեն համագործակցում իր հետ:
«Կուրթանինը չի գրում, ասում ա՝ «դիմումս չեմ գրում», օրենքի համաձայն եմ ազատել, Վարդաբլուրինն էլ դիմումի համաձայն եմ ազատել: Իրենց ես չեմ վստահում», - հայտարարեց Գևորգյանը:
Մինչդեռ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված Ռուսլան Օհանյանն ասում է՝ համայնքի ղեկավարը ներխուժել է իր աշխատավայր ու հարկադրել իրեն դիմում գրել. - «Ներխուժում, սենց ասեմ, հեչ Սերժը չի թենց ախրաննիկների հետ գալի, մենակ էդ տեսանյութը տենաք՝ ոնց են սենց վազելով գնում-գալի: Մտավ և պահանջեց՝ աշխատողներիս ներկայությամբ, սաղ էլ լսեցին, որ «դու պտի գնաս, ես քո հետ չեմ աշխատում, մարզպետը էսօր ինձ դատապարտում ա, չգիտեմ, դատախազությունում եմ, դու իմ կողքը չես կայնում, մարզպետի էջը լայքում ես, էն մեկի էջը լայքում ես»:
Համայնքի ղեկավարը հերքում է՝ ֆեյսբուքյան լայքերը կապ չունեն: «Սուտ են ասում, սուտ են ասում: Կարող ա մը հետ բանավոր վրները կամ խոսացած ըլեմ, կամ խոսացած չլեմ, որ՝ «էս ֆեյսբուքներից դուրս էկեք, վարչական ղեկավարներ եք, գնացեք աշխատեք, արա, ոչ թե սաղ օրը նստած՝ Ֆեյսբուքով զբաղվեք», - ասաց Գևորգյանը:
18 տարի Կուրթանը ու ավելի քան 2 տարի խոշորացված Գյուլագարակը ղեկավարած Մհեր Գևորգյանը պնդում է՝ վատ են աշխատել իր ենթակաները, վերջերս Վարդաբլուր և Կուրթան հասած սոցիալական օգնության արկղերն առանց իրեն են բաժանել, անգամ կարիքավորների ցուցակներից տեղյակ չի եղել:
«Իսկ բնակիչներն ինձ զանգում են, ասում են՝ «պարոն Գևորգյան, մենք կարող ա՞ էդ նույն աղքատը չենք, որ մեզ չեք տալի», ասում եմ՝ «ես տեղյակ չեմ, ժողովուրդ ջան, ի՞նչ օգնության մասին ա խոսքը»: Չհասկացա, դա ճիշտ ա՞», - շեշտեց խոշորացված համայնքի ղեկավարը:
Վարդաբլուրի արդեն նախկին վարչական ղեկավարը սրան էլ պատասխան ունի՝ երկու բնակավայրերի ղեկավարներով դիմել են բարեգործական ընկերությունների, իրենց անձնական չարչարանքների հաշվին գյուղ հասցրել սննդի օգնության արկղեր, լավ գործի դափնիները համայնքի ղեկավարի հետ կիսել չեն ուզում:
«Ես մտադիր եմ իմ հետագա քայլերը իմ ժողովրդի հետ, թող աչքերները բացեն, պահանջենք Մհեր Գևորգյանի հրաժարականը», - հայտարարեց Օհանյանը:
Վարդաբլուրի վարչական ղեկավարի պաշտոնանկությունից դժգոհ գյուղացիներն ասում են՝ պայքարելու են Ռուսլան Օհանյանի համար ու ընդդեմ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի:
«Պարոն Գևորգյան, Գյուլագարակի համայնքապետարանը քու պապի դուքանը չի, որ ում ուզես՝ ներս թողնես, ում ուզես՝ դուրս շպրտես: Զոռբայության դարաշրջանը վաղո՜ւց, շատ վաղուց է անցել», - ասաց նրանցից մի կին:
Քսան օր առաջ Մհեր Գևորգյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: Այդ հարցով ավագանին նիստ էր գումարել, քննարկել: Այստեղ համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ Լոռու մարզպետն է իրեն հարկադրել պաշտոնից հրաժարվելու դիմում գրել: Մի քանի ժամ անց, այդուհանդերձ, Գևորգյանը մտափոխվել էր, նրա հրաժարականի դիմումի մասին ավագանին անգամ արձանագրություն չի կազմել:
«Որոշել եմ՝ եթե էս մարդիկ չեն ուզում, ժողովուրդը չի ուզում, էս կորոնավիրուսի ժամանակ խմորումներ չլի, նենց չլի, որ, ասենք, ժողովուրդը գնան, գան, ճամփա փակեն, չգիտես ինչ անեն, իմ դիմումը հետ եմ վերցրել», - հայտարարեց խոշորացված համայնքի ղեկավարը:
Քսան տարի համայնք ղեկավարած հանրապետական Մհեր Գևորգյանն ասում է՝ 5 հազար ընտրողի ձայն է ստացել խոշորացված համայնքում և պաշտոնը չի թողնի, քանի դեռ իրեն վստահում են: