Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարը՝ ուստարվա ավարտի ու ընդունելության քննությունների մասին


«Կիսամյակային գնահատականների ժամանակահատվածի ընտրությունը շատ հստակ է, որովհետև էս հեռավար կրթության ժամանակահատվածի համար ունեցել ենք խնդիրներ տեխնիկական», - «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հեռավար դասերին աշակերտների մասնակցությանը, Հարությունյանը նշեց, որ նախնական տեղեկություններով մարզերում 85-90 տոկոս մասնակցություն է եղել:

«Մեր տպավորությամբ [հեռավար դասերին չմասնակցած աշակերտների] թիվը պետք է որ մեծ չլինի, բացի այդ ուզում եմ ասել, որ ուսուցիչները, նույնիսկ այս դեպքում, երբ որ աշակերտները սարքեր չունեն, փորձում են ընդառաջել, տարբեր միջոցներով կապ հաստատել, առաջադրանքներ տալ, պատասխանները ստանալ», - ասաց Հարությունյանը:

Իսկ, թե ե՞րբ է լինելու առաջին դասարանցիների ընդունելությունը, ե՞րբ է տրվելու մեկնարկը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք սահմանեցինք նոր կարգ, որով հերթագրումը կլինի ամբողջ հանրապետությունում և բոլոր այն համայնքներում, որտեղ կա երկու և ավելի դպրոց, հերթագրումը կսկսվի հունիսի 1-ից մինչև 10-ը այն երեխաների համար, ովքեր ունեն քույր և եղբայր տվյալ դպրոցում և աշխատող ծնող, այնուհետև հունիսի 11-ից կբացվի համակարգը բոլորի համար, հերթագրման համար: Եվ նախատեսում ենք, որ արդեն հաջորդ շաբաթ համակարգը բաց կլինի բոլոր ծնողների համար, որպեսզի նրանք մտնեն, լրացնեն իրենց տվյալները, ստուգելու համար՝ արդյո՞ք համակարգը նույնականացնում է ծնողին երեխայի հետ, և եթե չի նույնականացնում, ժամանակ ունենան նախորդ տարվա նման դիմելու համապատասխան ատյաններին, էս դեպքում՝ անձնագրային բաժիններ, որ էդ նույնականացումը տեղի ունենա, կամ մենք նրանց աջակցենք, <...> էդ ամեն ինչը իրականացնեն մինչև հունիսի 1-ը»:

Օգտատերերից մեկի դիտարկմանն էլ, որ կիսամյակային գնահատականները մինչև մարտի 13-ով փակելով ոտնահարվում են երեխայի իրավունքները, կոտրվում է երեխայի մեջ գերազանցության ձգտումը, խնդրանքին՝ վերանայել որոշումը, հաշվի առնել վերջին երկու ամիսների գնահատականները նույնպես, նախարարը արձագանքեց. «Հարցի մեջ մի քանի շերտ խնդիրներ են նկարագրված: Գերազանցության ձգտող աշակերտը, սա հին հիվանդություն է, որը փոփոխությունների միջոցով նաև պետք է հաղթահարվի, մենք, ցավոք սրտի, դեռ գնահատականն ավելի ենք կարևորում գիտելիքից, այսինքն՝ ձևը բովանդակությունից: Տիկին Ժենյան ասում է՝ ինչո՞ւ մենք ջանք գործադրեցինք հեռավար ուսուցմամբ կրթություն ստանալու համար, տիկին Ժենյան դա արել է իր երեխայի համար, չի արել նախարարի համար, չի արել կառավարության համար:

Էստեղ ուղիղ կապ պահել և ասել, որ երեխաները հիասթափվում են, ճիշտ չի: Իմ կարծիքով հիասթափվում են այն ծնողները, որոնց համար գնահատականը շատ մեծ կարևորություն ունի: Գնահատականների ժամանակահատվածի ընտրությունը շատ հստակ է, որովհետև էս հեռավար կրթության ժամանակահատվածի համար ունեցել ենք խնդիրներ տեխնիկական, երբ որ դրանք չեն ֆիքսվել, երբ շատ հստակ չի, թե մենք ոնց ենք ֆիքսելու, թե այդ պրոցեսները ինչպես են տեղի ունեցել: Մենք ամենասկզբից ասել ենք, որ մենք սա անում ենք կրթության շարունակականությունը ապահովելու համար:

Այո, կան մի խումբ ծնողներ, որոնք ասում են, որ սա ողբերգություն է, գնահատականները ցածր կլինեն: Գնահատականները ցածր չեն լինի, մենք առաջարկել ենք նաև գործիքներ, որ, օրինակ, եթե մինչև մարտի 13-ը աշակերտը մեկ գնահատական ունի, ապա, աշակերտի ընտրությամբ, այս կիսամյակի գնահատականը լինի նախորդ կիսամյակի գնահատականը»:

Օգտատերերի առաջարկին էլ՝ եթե կարևոր չեն գնահատականները, գուցե ընդհանրապես հանվե՞ն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ առաջիկայում առաջինից չորրորդ դասարաններում գնահատում չի լինելու:

«Դրվելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք գործընկեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կլինեն: Կարծում ենք, որ սա լավ համակարգ է՝ երեխային չկապել գնահատականի հետ, երեխային կապել գիտելիքի հետ, երեխային կապել կրթության հետ», - ասաց ԿԳՄՍ նախարարը:

Բուհերում ավարտական քննությունների անցկացման կարգի մասին Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ թե՛ դիպլոմայինների պաշտպանությունները, թե՛ քննությունները իրականացվելու են առցանց:

Իսկ հարցին՝ եթե ամեն դեպքում լինեն բուհեր, որոնք որոշել են, որ առցանց չեն իրականացնելու, նախարարությունը միջնորդելու լծակ ունի՞, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց. «Դա կապված է նաև համաճարակային իրավիճակից, եթե տեսնենք, որ իրավիճակը թույլ է տալիս... Թեպետ հիմնական որոշումներն արդեն կայացվել են, ես չեմ կարծում՝ դրանից շեղում կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG