Մատչելիության հղումներ

Հեղինակները ներկայացրին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը


Մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են նոր պահանջներ սահմանել լիցենզավորված և կաբելային հեռուստա- և ռադիոընկերությունների համար։

Օրեր առաջ շրջանառության մեջ դրված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը, ինչպես պնդում են նախագծի հեղինակները, միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն՝ խաղի նոր կանոններ սահմանելով հեռարձակողների համար։

Նրանցից իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի խոսքով, իրենց հիմնական ասելիքը որակյալ արտադրանքի ստեղծման անհրաժեշտությունն է․ - «Օրենքի նախագծի շրջանառությունից հետո, քննարկումներից հետո, հուսամ՝ օրենքը ընդունվելուց հետո այլ գործողություններ կան։ Բայց ես կարծում եմ, վեց ամսվա և մինչև մեկ տարվա ընթացքում ամեն դեպքում մենք կզգանք, մեր հետուստադիտողները կզգան, տեսանելի կլինեն այն փոփոխությունները, որի մասին մենք խոսել ենք ու երազել են»։

Օրենքի նախագիծը եթերի վերահսկողության նոր հնարավորություններ է տալիս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին։

Նախագծի մեկ այլ հեղինակ Վահագն Թևոսյանը («Իմ քայլը») վստահեցնում է, որ հանձնաժողովին տրվող գործիքները մահակ չեն դառնալու․ - «Տալու ենք իրավունք, որպեսզի հանձնաժողովը բովանդակային թեմայով կարողանա շփվել մեդիա ծառայությունների հետ»։

Ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։

Մխիթար Հայրապետյանը վստահեցնում է, որ իրենք որևէ հեռուստաընկերություն կամ հաղորդում փակելու մտադրություն չունեն․ - «Դա առհասարակ դեմ է մեր արժեհամակարգին, և հույս ունենք, որ առաջիկայում էլ այդ համեմատությունները նախկին իշխանությունների գործելաոճի հետ չի լինի։ Բայց մեր խնդիրն է սահմանել խաղի նոր կանոններ, առողջ կանոններ, և այո, շատ և շատ հեռուստահաղորդաշարեր, հաղորդումներ, հեռուստաալիքներ ստիպված կլինեն հետևել դրան»։

Էրոտիկ, սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմեր, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն թողնող հաղորդումները հնարավոր կլինի հեռարձակել կեսգիշերից մինչև առավոտյան 6-ը։ Հակառակ դեպքում պատասխանատվություն է նախատեսված։

Արգելվում է ազգային, ռասայական և կրոնական թշնամանք սերմանելու նպատակով օգտագործելը, պատերազմի քարոզը, իշխանությունը յուրացնելու, Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ կամ օրենքներով չնախատեսված այլ եղանակով փոխելու և տապալելու քարոզչությունը։

Լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների շաբաթական եթերի 20 տոկոսը մանկական, կրթական և մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ պետք է լինեն։

Նախագծի հեղինակներից Արման Բաբաջանյանի խոսքով, եթերը մաքրելը ազգային անվտանգության նշանակություն ունի․ - «Ե՛վ ներքին իմաստով, և՛ արտաքին իմաստով, ես կարծում եմ, որ սա մեր հասարակության դիմադրողունակությունը ամրապնդող նախաձեռնություն է, և թերևս 2018 թվականի հեղափոխությունից հետո կարևորագույն նախաձեռնություններից մեկն է»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախագծում թերություններ է տեսնում․ պակասում է հստակությունն ու խնդիրների կարգավորման վերաբերյալ որոշակիությունը․ - «Ասենք, օրենքի խախտումը ինչպես է մեկնաբանվելու և ինչպես է կիրառվելու։ Եվ դա կարող է, մի կոմից, ուղղակի որպես հռչակագրային դրույթ ընկալվել և որևէ ձևով չազդել բացասական առումով, բայց կարող է նաև շահագրգիռ, վատ իմաստով շահագրգիռ ընկալման հետևանքով ունենալ նաև վտանգներ խոսքի ազատության համար»։

Նախագծի դրական կողմերից մեկը, ըստ Նավասարդյանի, խախտումների դեպքում պատասխանատվության ենթարկելու հստակ կարգի առկայությունն է։

Նախագծի հեղինակները հնարավոր թերացումները չեն հերքում ու չեն բացառում, որ այն կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG