Մատչելիության հղումներ

Սուրեն Սաֆարյան․ Չպետք է սրտնեղենք, չպետք է հուսահատվենք


Հայաստանի նկարիչներ միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր արվեստանոցում, արխիվ։
Հայաստանի նկարիչներ միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր արվեստանոցում, արխիվ։

Ինքնամեկուսացման մեջ ստեղծագործելը գրողների, թարգմանիչների, կոմպոզիտորների, նաև նկարիչների
յուրահատուկ մենաշնորհն է:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նկարչի համար տարիներ շարունակ օրվա մեծ մասը արվեստանոցում անցկացնելը բնական երևույթ է, բայց արտակարգ դրության այս ժամանակահատվածը, իհարկե, իր հետ որոշակի բարդություններ է առաջ բերում բոլորի՝
այդ թվում և նկարիչների համար:

Այս ժամանակաշրջանը, Սաֆարյանի խոսքով, ինչպես մյուս արվեստագետների, այնպես էլ նկարիչների ու քանդակագործների համար մեկուսնալու, մտորելու, նորանոր ծրագրեր կազմելու բավական իրական
հնարավորություն է, որ ստիպում այլ հայացքով, առավել փիլիսոփայորեն նայել թե՛ սեփական ստեղծագործական
ընթացքին, թե՛ կյանքին առհասարակ․ - «Բոլորիս է անդրադառնում այս ծանր վիճակը, քանի որ ամեն բնագավառը ունի իր պրոբլեմները, իր դժվարությունները։ Նաև նկարիչները ունեն իրենց դժվարությունները։ Շատերի համար միակ ապրուստի միջոցը իրենց ստեղծագործությունները վաճառելն էր, մասնավորապես Վերնիսաժում, մասնավոր պատկերասրահներում։ Հիմա ամեն ինչ փակ է, չի աշխատում։ Փորձում ենք ինչ-որ ձևով աջակցություն գտնել, որպեսզի օգտակար լինենք մեր նկարիչներին։ Կատարվում է աշխատանք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, տրվում են ցուցակներ տարբեր, որպեսզի տեսնեն, թե ինչ ձևով կարող են օգտակար լինել։ Ամեն ինչ դեռ նախնական փուլերում է»։

Սաֆարյանն ասաց, որ երեկ ուրախալի լուր են ստացել Երևանի քաղաքապետարանից․ - «Եղավ ավագանու նիստ, որի ժամանակ Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահությունից ժառանգած գույքահարկի պարտքը, որը կազմում էր 9 միլիոն 381 հազար դրամ, ներվեց։ Նաև մեր դիմումի համաձայն, նկարիչների արվեստանոցների գույքահարկը նույնպես ներվեց։ Ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ավագանու անդամներին»։

Նկարիչների միությունը, նախագահի փոխանցմամբ, փոխել է խմբակային ցուցահանդեսների գծով ձևաչափը․ - «Այս օրերին պետք է իրականանար դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակային ցուցահանդեսը հանրապետական, որը պարզ պատճառով չկարողացանք իրագործել Հայաստանի նկարիչների միությունում, քանի որ ցուցասրահները փակ են։ Եվ մենք դա արեցինք օնլայն տարբերակով, մեր ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին բոլոր այն ստեղծագործողների աշխատանքները, ում ժյուրին ընտրել էր»։

Սուրեն Սաֆարյանը չբացառեց, որ առաջիկայում նույն ձևաչափով այլ ցուցահանդեսներ ևս լինեն։

«Մենք չպետք է սրտնեղենք, չպետք է հուսահատվենք։ Սա մի շրջան է․․․ բազում ծանր շրջաններ է ապրել մեր երկիրը, և հումորով և լավատեսությամբ կարողացել ենք հաղթահարել այդ դժվարությունները։ Այս փուլն են կացնի», - զրույցը եզրափակեց Հայաստանի նկարիչների միության նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG