Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան մեկ միլիոն մարդ


Կորոնավիրուսի ստուգում Դետրոյթում, Միչիգան, ԱՄՆ, 28 ապրիլի, 2020թ.
Կորոնավիրուսի ստուգում Դետրոյթում, Միչիգան, ԱՄՆ, 28 ապրիլի, 2020թ.

Չինացիները ևս մեկ պատվաստանյութ են փորձարկում:

«Աշնանը հնարավոր է համավարակի երկրորդ ալիքը»

Ապրիլի 29-ի առավոտյան դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվը շուրջ 3 միլիոն 147 հազար է, մահացել է մոտ 218 հազար մարդ, ապաքինվել է շուրջ մեկ միլիոն մարդ:

Օրվա մեկ ուրիշ թիվն էլ նույն աստիճանի է՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնի սահմանագիծը, զոհերի թիվը մոտենում է 60 հազարի:

ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ Էնթոնի Ֆաուչին ենթադրում է, որ իրավիճակն ամիսներ անց նորից կվատթարանա:

«Այս վիրուսն այնքա՛ն վարակիչ է և արդեն այնքա՛ն է տարածվել, որ գրեթե չեմ կասկածում՝ աշնանը կգրանցվի համավարակի երկրորդ ալիքը։ Մեր ճակատագիրը կախված կլինի մեր պատրաստությունից, եթե չձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, վատ աշուն և ձմեռ կունենանք», - ասել է Ֆաուչին:

«Դա չի անհետանա մոլորակից, երբ թևակոխենք նոր շրջան, այդ վիրուսն անպայման կվերադառնա», - համոզված է ամերիկացի համաճարակաբանը:

Նա ներկայացրել է նաև տեսանելի ապագայի կարևոր օրակարգը․ նրա փոխանցմամբ, հավանաբար, մինչև գալիք ձմեռ պարզ կդառնա՝ կա՞ հուսալի պատվաստանյութ, թե՞ ոչ:

«Եթե այն ստեղծվի, մեր խնդիրը կլինի արտադրել անհրաժեշտ քանակ, որ նյութը բաժանենք մեր երկրում և ամբողջ աշխարհում», - ասել է ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ Էնթոնի Ֆաուչին:

«Ամերիկան կանցնի այս բարդ փուլը»

Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը հավատացնում է, որ երկրի տնտեսական հզորությունն անպայման կվերականգնվի, և դա շատ ժամանակ չի պահանջի:

«Ընդամենը երկու ամիս առաջ մեր տնտեսությունն ամենահզորն էր աշխարհում, և մենք դրան նորից կհասնենք։ Դա շատ արագ կլինի: Դուք կտեսնեք», - ասել է Թրամփը:

Նրա փոխանցմամբ, մասնագետները համոզված են, որ առավել վատթար շրջանն արդեն հաղթահարված է․ - «Համավարակի ընթացքում միլիոնավոր ամերիկացիներ տառապանքներ են կրել, մեծ զոհողությունների են գնացել, Ամերիկան կանցնի այս բարդ փուլը, ամերիկացիները լի են արագ և ապահով եղանակով երկրի տնտեսությունը վերականգնելու վճռականությամբ»:

Բրիտանիայի ողբերգական վիճակագրությունը

Միացյալ Նահանգները վարակվածության և մահացության վիճակագրությամբ առաջինն է աշխարհում։ Իտալիայում մահերի թիվը հասել է մոտ 27 հազարի: Ֆրանսիայում, Իսպանիայում ավելի քան 23 հազար մահեր են:

Մեծ Բրիտանիայում, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է ավելի քան 21 հազար, սակայն ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության լիդեր Քիր Սթարմըրի պնդմամբ, իրական թիվն առնվազն 27 հազար 241 է։ Այդ մասին ընդդիմադիր ղեկավարն ասել է խորհրդարանում:

Նրա փոխանցմամբ, վիճակագրությունը պետք է վերանայել՝ հաշվի առնելով հիվանդանոցներից և ծերանոցներից դուրս գրանցված մահերի թիվը:

Բելգիայում ավելի քան 7 հազար մարդ է մահացել։ Իսկ Թուրքիայում զոհերի թիվը մոտեցել է 3 հազարի:

Եվ այնուամենայնիվ, Եվրոպայում նկատվում է վարակի տարածման որոշակի անկում, երկրներն աստիճանաբար մեղմում են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանած արգելքները:

Չինաստանում պատվաստանյութի չորրորդ տարբերակն են փորձարկում

Իսկ այս ընթացքում Չինաստանում արդեն փորձարկում են պատվաստանյութի չորրորդ տարբերակը:

«Սովորաբար պատվաստանյութ մշակելու և ստեղծելու համար մի քանի տարի է պետք, բայց մենք շուրջօրյա աշխատանքի շնորհիվ կրճատեցինք այդ ժամանակը։ Սա վկայում է Չինաստանի գիտական հզորության մասին», - ասել է Պատվաստանյութի և շիճուկի ազգային ինստիտուտի տնօրեն Վան Հուն:

Նոր պատվաստայութը սկսել են կիրառել Հենանի նահանգի հիվանդանոցում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները: Բժիշկները վստահեցնում են, որ կլինիկական փորձարկումների արդյունքները դրական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG