«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը 8 աշխատակիցների տեղեկացրել է, որ մայիսից այլևս չի վերակնքելու նրանց հետ պայմանագրերը։
Հենրիկ Խեչումյանը և իր ճակատագրին արժանացած գործընկները սակայն պնդում են, որ իրենց փաստացի հեռացնում են աշխատանքից, թեև երբևէ վատ աշխատելու համար անգամ նկատողություն չեն ստացել․ - «Մեր արտադրամասում տեղից աշխատողների պակաս կա։ Եթե մեկը գնում է արձակուրդ, հերթապահողներից մեկը մենակ ա մնում։ Իսկ մեր աշխատանքը կապված ա հոսանքի, ու անվտանգության նկատառումներից ելնելով, մեկ հոգին չի կարա հերթապահություն կատարի»։
Գործարանում նվազագույնը 5 տարի աշխատած և շուտով գործազուրկ այս մարդիկ վստահ են, որ ղեկավարությունը որոշել է այլևս չկնքնել իրենց հետ աշխատանքային պայմանագիր իրենց քաղաքական հայացքների, խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնելու, ինչպես նաև անցյալ տարի գործադուլ կազմակերպելու համար։
Հակոբ Այվազյանն ասում է, որ իրենք անտարբեր չեն գործարանում աշխատանքային իրավունքների խախտումների հանդեպ․ - «Մի քանի անգամ բանավոր զգուշացում ստացել եմ, որ եթե լեզուդ քեզ չպահես, քո հետ աշխատանքային պայմանագիր չենք կնքի»։
Գործարանից հեռացվելու մասին արդեն ծանուցված Արտակ Զիրոյանը պատմեց, որ նախկինում մեկ անգամ արդեն հեռացվել է, ապա 2015-ին՝ վերականգնվել, երբ ԲՀԿ-ն համագործակցում էր ընդդիմադիրների հետ․ - «Նաև 2009 թվին ամբողջ գործարանից ինձ ու եղբորս ազատեցին աշխատանքից։ Կանչեցին, ասացին՝ պիտի ընդունվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն»։
Նախկինում եթե նման իրավիճակ ստեղծվեր, որ միանգամից 8 մարդկանց աշխատանքից ազատեին, գործարանի աշխատակիցները կհավաքվեին ու բողոքի ակցիա կանեին, իսկ հիմա, ասում են, արտակարգ իրավիճակի պատճառով չեն կարող։
Հենրիկ Խեչումյանն ասում է, որ խնդիրների մասին բարձրաձայնել են ու հայտնվել ուշադրության կենտրոնում, որովհետև չլուծված հարցերը շատ են՝ ամեն ամիս ուշացվող աշխատավարձերից մինչև կես տարին մեկ նորից կնքվող աշխատանքային պայմանգրերը։
Ըստ զրուցակիցներիս, գործարանը մինչև օրս աշխատակիցների մեծ մասի հետ կնքել է միայն ժամանակավոր պայմանագրեր, չնայած այդ մարդիկ «Արարատցեմենտում» արդեն տասնամյակի աշխատանքային փորձ ունեն։
Ըստ Արթուր Ասատրյանի՝ այդպիսիով «Մուլտի գրուպ» Կոնցեռնին պատկանող գործարանը ցանկացել է սուրը նրանց գլխին կախված պահել։
Գործարանի աշխատակիցները նաև պնդում են, որ աշխատանքից հեռացվում են առանց Աշխատանքային օրենսգրքով նախատեսված որևէ հիմքի։ Ըստ նրանց, 8 անձանց հետ նոր պայմանագիր չկնքելու՝ իրենց ենթադրած պատճառներին ավելացել է ևս մեկը. փոփոխություններն Աշխատանքայն օրեսգրքում, որոնք արգելում են մշտական աշխատողների հետ շարունակ կնքել ժամանակվոր պայմանագրեր։
Չնայած մեր բազմաթիվ զանգերին, անցյալ շաբաթ և այսօր «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել գործարանի տնօրեն Սամվել Թադևոսյանի հետ, որը կարդացել էր մեր թողած հաղորդագրությունը, սակայն չէր արձագանքել։
Իսկ «Մուլտի Գրուպ» Կոնցեռնից մեզ հայտնեցին, որ մեր հարցերին կարող է պատասխանել միայն գործարանի ղեկավար կազմը։
Կապ հաստատեցինք աշխատանքային իրավունքի մասնագետ Տիգրան Կիրակոսյանի հետ, որը հայտնեց, որ եթե որևէ աշխատանք սեզոնային չէ, գործատուն, որպես կանոն, պետք է կնքվի անորոշ ժամկետով պայմանգիր աշխատակցի հետ, իսկ անցյալ տարվա նոյեմբերից ուժի մեջ մտած վերջին փոփոխություններից հետո արդեն նույն անձի հետ մեկից ավելի անգամ կնքված պայմանագիրը ավտոմատ համարվում է անժամկետ։
«Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով», - հստակեցրեց Կիրակոսյանը։