Մատչելիության հղումներ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել հակաճգնաժամային 3-րդ միջոցառման պայմաններում


Կառավարությունը փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման պայմաններում, և ինչպես էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը այսօրվա ասուլիսին փոխանցեց՝ ակնկալում են, որ միջոցառման շահառուների շրջանակը կընդլայնվի:

«Եթե նախկինում մենք պնդում էինք, որ յուրաքանչյուր ՓՄՁ, որը դիմում է այս ծրագրին, անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպիտի լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, այստեղ ևս տեսանք հենց դիմումների արդյունքում, որ մի շարք կազմակերպություններ, հատկապես դա վերաբերում է տուրիստական և սեզոնային աշխատանքներին, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում և որոշեցինք փոփոխություն կատարել նաև այստեղ: Այժմ պայմանն այսպես է հնչում՝ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպիտի լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը», - նշեց Մարգարյանը:

Ծրագրում ընդգրկված ոլորտներն են՝ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն:

Ավելի ուշ այդ ցանկը համալրվել է, մասնավորապես՝ մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն: Միջոցառումից օգտվող ցանկացող ՓՄՁ-ի 2019 թվականի շրջանառությունը պետք է կազմի 24-500 մլն դրամ:

«Վարկային և հարկային բարվոք պատմությունը մնացել է որպես հիմնական պայման», - ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:

Պայմաններին համապատասխանող կազմակերպություններին տրամադրվում է 36 ամիս ժամկետով վարկ, առաջին տարում վարկի մարում չի նախատեսվում:

Չնայած պաշտոնական վերջին տվյալներով Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների թիվը շուրջ 70 հազար է, ծրագրին դիմել է ընդամենը 1200-ը, հաստատված է 461 դիմում, ընդհանուր թվով՝ մոտ 5,2 մլրդ դրամի չափով:

ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսպիյանը նկատում է, վերջերս ուսումնասիրություն էր կատարվել, համաձայն որի, Հայաստանում իրական գործող ՓՄՁ-ների թիվը շուրջ 5 հազար է:

«Այսինքն՝ էս 70 հազար ընկերությունները, որ նայեք, դրանց առյուծի բաժինը 1-2 աշխատակից ունի: Այսինքն՝ նրանք ԱՁ-ներ են և շատ դեպքերում, օրինակ, ես գիտեմ՝ հաշվապահական գրասենյակի աշխատողներին գրանցում են որպես ԱՁ ու արհեստականորեն ստացվում է, որ ԱՁ-ները շատ են, բայց ըստ էության այդ մարդիկ աշխատակցի դեր են կատարում», - ասաց Օսիպյանը:

Իսկ թե ինչո՞ւ է 5 հազարից միայն 1200-ը դիմել, Ռուբեն Օսիպյանն իր ղեկավարած ընկերության օրինակով է բացատրում՝ «Հիմնարկ» ստարտ ափի նախորդ տարվա շրջանառությունը 24 միլիոնի չի հասել, հետևաբար դիմելն անիմաստ է դառնում: Կառավարության առաջարկած մյուս ծրագրերի հետ կապված էլ մեծ հույսեր չունեն, նախորդ տարի հարկերի վճարման ուշացումներ են ունեցել:

«Անցած տարի մեր մոտ գրանցվել է շրջանառության աճ, բայց ինքը չի հասել 24 միլիոնի, նաև էս էլ խոստովանեմ՝ անցած տարվա ընթացքում վարչական տուգանքներ ունեցել եմ հարկայինից՝ հարկային հաշվետվություն ուշ ներկայացնելու համար և ըստ էության նաև էն աշխատավարձի հետ կապված՝ դրամաշնորհի շահառուների մեջ եմ մտնում, և կարծես թե մենք ոչ մի աջակցությունից չենք կարող օգտվել», - նշեց ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահը:

Օսիպյանը կարծիք է հայտնում, որ գործադիրը վարչարարության առումով ավելի մեծ ճկունություն պետք է ցուցաբերի: Բացատրում է՝ շատ ընկերություններ ամբողջ տարվա ընթացքում բարեխիղճ են աշխատել, բայց ծրագրերում առկա սահմանափակումների պատճառով չեն կարողանում օգտվել դրանցից:

«Ես մի ծանոթ հաշվապահ ունեմ, որն ժամանակին տենց մեծ աշխատանք եմ կատարել, որ պետք է աշխատել մաքուր, սպիտակ և այլն, ասում է՝ «գո՞հ ես, ես բոլոր աշխատողներին իմ հաճախորդի մոտ գրանցել եմ», հետո լրիվ նորմալ տարբերակով իր աշխատողներից մեկը դուրս է եկել աշխատանքից, հիմա դա դիտվել է, որ մարտ ամսում իր մոտ աշխատակիցների նվազում է եղել ու ինքը բոլոր ծրագրերից դուրս է մնացել: Այսինքն՝ դժգոհություն կա, որն իմ կարծիքով՝ վերաբերում է վարչարարությանը», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG