«Իմ ցանկությունը ոչ թե պաշտոնն է, այլ երկրին աջակցելը», - կիրակի երեկոյան «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հեռարձակված թոք-շոուի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` մեկնաբանելով Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում իր նշանակման շուրջ Կիևում ծավալված քննարկումները:
«Ես որևէ պաշտոն չեմ մուրում: Հավատացնում եմ ձեզ, ես կյանքում շատ ավելի հետաքրքիր զբաղմունք էլ կարող եմ գտնել: Բայց ես չեմ ցանկանում հանգիստ նստել և նայել, թե ինչպես է Ուկրաինան ոչնչացվում այս ճգնաժամի պատճառով», - հայտարարել է Սաակաշվիլին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ շաբաթ էր առաջարկել Վրաստանի նախկին նախագահին նշանակել բարեփոխումները համակարգող փոխվարչապետի պաշտոնում: Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ Ուկրաինայի խորհրդարանը Սաակաշվիլիի նշանակման հարցը կարող է քննարկել արդեն այս շաբաթ:
Նույն աղբյուրի տեղեկություններով, սակայն, այս պահին Գերագույն ռադայի անդամների մեծամասնությունը դեմ է Վրաստանի նախկին նախագահի` փոխվարչապետի պաշտոնում նշանակմանը: