Մատչելիության հղումներ

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում


Ֆրանսիա-Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրը Մարսել քաղաքում, արխիվ
Ֆրանսիա-Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրը Մարսել քաղաքում, արխիվ

Չնայած կորոնավիրուսի համավարակին և մեկուսացման ստեղծած արգելքներին` ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սեղմ արարողություններ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում: Փարիզում Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող Կոմիտասի արձանի տակ ծաղկեպսակ զետեղվեց երկրի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեի մասնակցությամբ:

Այդ արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնը, ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանին հղած ապրիլքսանչորսյան իր ուղերձում հիշեցնելով, որ իր նախաձեռնությամբ ապրիլի 24-ը դարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր, նշել էր, թե հարգելով հանդերձ առողջապահական ներկայիս իրավիճակի պարտադրած կանոնները` թույլատրել էր սեղմ արարողությունների կատարումն այդ օրվա առթիվ Փարիզում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ: «Ֆրանսիան այսօր առավել քան երբեք հանձնառու է պաշտպանելու Ցեղասպանության զոհերի հիշատակը և պայքարելու ժխտողականության դեմ»,- նշել էր Մակրոնն իր ուղերձում:

Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում Մարսելում, որի բնակչության 10 տոկոսը հայեր են, նույնպես Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է կատարվել Բոմոնի հուշահամալիրում: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այնպես, ինչպես բոլոր մարսելցիները, ինքը ևս ապրիլի 24-ի այդ օրը խորհում է Օսմանյան կայսրության այն մեկուկես միլիոն հայերի մասին, որոնք կոտորվել են և աքսորվել ահավոր պայմաններում: Նա նշել է, որ Մարսելի հայ ընտանիքները զգում են այդ արհավիրքի հիշողությունը և տառապանքը, «զգացումներ, որոնք կրկնապատկվում են թուրքական պետության ուրացման հետևանքով»: Նա հավելել է, թե իր պատասխանատվությունն է լինել ուղեկիցը այդ ցավալի հիշողության` պայքարելով միաժամանակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Համերաշխության բազմաթիվ այլ հայտարարություններ ևս հնչել են 105-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքական գործիչների կողմից:

Պատգամավոր Վալերի Բուայեն ուշադրություն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղի վրա, որը, ինչպես նա է նշել, չի օգտվում միջազգային օգնությունից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար` միջազգային իրավասությունների կողմից ճանաչված չլինելու պատճառով:

Ապրիլի 24-ին ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը հանդես են եկել «Ֆիգարո» օրաթերթի կայքէջում` Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը խստորեն դատապարտող մի հոդվածով, ցույց տվել նաև այդ երկրի այսօր ներկայացրած վտանգը Եվրոպայի համար: Նրանք նշել են, թե Թուրքիան չի հրաժարվել իր նախկին հավակնոտ ծավալապաշտական ձգտումներից: Գրության հեղինակները հրավիրել են Եվրոպային աչալրջություն ցուցաբերել Թուրքիայի ղեկավար Էրդողանի «փառասիրական և դաժան» ծրագրերի հանդեպ:

«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրել է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG