Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին։
Սպիտակ տան ղեկավարը, հիշեցնենք, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է Մեծ Եղեռն ձևակերպումը՝ այն անվանելով 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը։
Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է հայերի կողմից դոգմայի վերածված սուբյեկտիվ պատումների վրա»։
«Ներքաղաքական մտադրություններով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ», - վստահեցնում է պաշտոնական Անկարան: - «Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ դեռ ուժի մեջ է 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը։ «Հավատում ենք, որ հանձնաժողովի ստեղծման պարագայում ճշմարտությունը ի հայտ կգա: Հանձնաժողովի հարցը օրակարգից հանողները այն ծայրահեղական հայերն են, որոնք ուզում են մոռանալ տալ 1915 թվականին ունեցած իրենց պատասխանատվությունը», - ասված է հայտարարության մեջ:
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել «տեսնել ճշմարտությունն ու գործել համարժեք»։
Հիշեցնենք, անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները, այդ թվում Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ Սենատը՝ միաձայն, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչին Թուրքիան վրդովմունքով է արձագանքել: